Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը շատ բարձր մակարդակում է. Ավինյան

Ստանալ կարճ հղումը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համոզված է, որ տևական դադարից հետո հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը լավ ազդակ է երկու երկրի համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Վրաստանի և Հայաստանի քաղաքական երկխոսությունը շատ բարձր մակարդակում է։ Այսօր հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը համատեղ արդյունավետ աշխատանքի հերթական ապացույցն է։ Մենք կառուցողական համագործակցություն ունենք բազմաթիվ ուղղություններով, և դա դրականորեն կանդրադառնա հանձնաժողովի գործունեության վրա», – ասաց Ավինյանը։

Նա ընդգծեց` Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հարաբերություններին, և երկրների քաղաքական երկխոսությունը շատ բարձր մակարդակում է։

© Sputnik / Asatur Yesayants
Զարուհի Բաթոյանն ու Տիգրան Ավինյանը

Ավինյանի խոսքով` երկար տարիներ անց հանձնաժողովի աշխատանքի վերականգնումը լավ հիմք է երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման համար։

Հայաստանն ու Վրաստանը երկկողմ տնտեսական համագործակցությունը պետք է հասցնեն եղբայրական երկրների կարգավիճակին համապատասխանող մակարդակի։ Ըստ Ավինյանի` սրանք զուտ խոսքեր չեն, այլ երկու երկրների վարչապետների հանձնարարականներ։

«Համոզված եմ, որ հանձնաժողովը հարմար ձևաչափ կդառնա տարբեր հարցերի լուծման համար։ Հիմնական նպատակն է զարգացնել երկու երկրի միջև տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև նոր ուղղություններ մշակել, ամրապնդել երկկողմ մարդասիրական կապերը», – ասաց Ավինյանը։

Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում նոր հեռանկարներ կբացվեն բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, մշակույթի, առողջապահության, կրթության և այլ ոլորտների զարգացման համար։

Ավինյանն անդրադարձավ հայ–վրացական գործարար հատվածի զարգացման ու ամրապնդման թեմային։

«Այդ առումով նշանակալի դեր ունի հայ–վրացական գործարար ֆորումի անցկացումը», – ասաց Ավինյանը` ավելացնելով, որ Հայաստանը նույնպես մեծ ուշադրություն է դարձնում մարդասիրական հարցերին և մշակութային կապերի ամրապնդմանը։

Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստն անցկացվում է Երևանում մեծ դադարից հետո։ Վերջին անգամ այն անցկացվել է 2011 թվականին։ Նիստի անցկացման հարցը քննարկվել էր դեռ 2018 թվականի սեպտեմբերին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի երևանյան այցի ժամանակ։ Վրաստանի վարչապետը այն ժամանակ հանդես եկավ ապրանքաշրջանառությունը մինչև 1 մլրդ դոլարի հասցնելու գրավիչ առաջարկով։

Վրաստանի պատվիրակությունը` փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլու ղեկավարությամբ ,մասնակցում է Երևանում անցկացվող հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին։

Տարածաշրջանն անհանգստացնում է, բայց էլ ինչի՞ց պիտի անհանգստանա Հայաստանը

Ըստ թեմայի

Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը որ դեպքում կչեղարկի Վրաստան մեկնելու արգելքը
Պուտինի հրամանից հետո Հայաստանը պատրաստ է Վրաստանի փոխարեն հավելյալ չվերթեր ընդունել ՌԴ–ից
Հայաստանը գլոբալ գործընթացների կենտրոնում է. Արզումանյանը՝ Իրանի և Վրաստանի վերաբերյալ