Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

ՀՀ–ն հուսով է, որ ՌԴ–ն ազդեցություն կունենա սահմանի լարվածության նվազման հարցում. Տողանյան

Ստանալ կարճ հղումը

Ռուսաստանը տարածաշրջանում ապակայունացում թույլ չտալու համար գործի է դնում բոլոր հնարավոր ջանքերը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանը հույս ունի, որ Ռուսաստանն իր ազդեցությունը և հնարավորությունները կօգտագործի հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը նվազեցնելու համար։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այս մասին ասել է ՌԻԱ Նովոստիին։

Նրա խոսքով` Երևանը դեռ 1993 թ-ին է համաձայնել, որ Ռուսաստանը միջնորդի դեր ունենա տարածաշրջանի հակամարտության կարգավորման հարցում։

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, գլխավորում է միջնորդական առաքելությունը, Ռուսաստանը կարևորագույն միջնորդական դեր է խաղացել և խաղում»,-նշել է Տողանյանը։

Ըստ դեսպանի՝ Մոսկվայի ջանքերի շնորհիվ է 1994թ-ին կանգ առել արյունահեղ պատերազմը, 2016թ-ին՝ քառօրյա պատերազմը։

«Այդ պատճառով մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը, կօգտվի իր հնարավորություններից» (այսօրվա լարվածության թուլացման համար),-ասել է դեսպանը։

Տողանյանն ընդգծել է, որ Ռուսաստանի աջակցությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում, արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ի տարբերություն նույն Թուրքիայի, գործադրում է բոլոր հնարավորությունները, որպեսզի տարածաշրջանում մեծ ապակայունացում թույլ չտա։ Ստեղծված իրավիճակը Տողանյանն անվանում է աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնց դեպքում տարածաշրջանի երկրներից մեկը փաստացի միջամտում է հակամարտությանը և դրդում ապակայունացման։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակ է արձակում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։

Ոչ մի պարեկություն. ինչու են ռուսական ուղղաթիռները հայտնվել հայ-թուրքական սահմանին

Ըստ թեմայի

Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել
Դուք միգուցե պարտություն կկրեք, բայց կհաղթանակեն ձեր դավանած սկզբունքները
«Սահմանային հանգույցն» ավելի վտանգավոր է․ ինչու իրավիճակը սրվեց հայ-ադրբեջանական սահմանին