Քաղաքականություն
© AFP 2020 / HAKOB BERBERYAN.

«Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են». Տեր–Պետրոսյանը կոչ է հղել ժողովրդին

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո

ՀՀ առաջին նախագահը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա, բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով:

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կոչ է անում ժողովրդին մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին։ Դրանք, բացի քաղաքացիական պատերազմի սպառնալիքից, չափազանց վտանգավոր են նաև կորոնավիրուսի տարածումն անկառավարելի դառնալու նկատառումով: Տեր–Պետրոսյանը նման կոչով է հանդես եկել` Ilur.am–ում հրապարակված հոդվածում։

Նրա խոսքով` ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իր մտավախությունը երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին: Նման պատասխանատու միտք արտահայտելու հիմք են հանդիսացել Մանուկյանի ելույթում հնչեցված երկու հայտարարությունները. «Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ այս շարժումը, որ ստեղծված է, ինքը ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան լավ: Շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի» և «Փաշինյանը պետք է հեռանա: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»:

«Սրանով Մանուկյանը նշագծում է Փաշինյանի հեռացման երկու ճանապարհ` կամավոր կամ բռնությամբ: Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում: Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի: Բայց Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն»,–գրել է Տեր–Պետրոսյանը։

Նրա խոսքով` եթե սա լիներ հակամարտող կողմերից միայն մեկի դիրքորոշումը, այն դեռևս մեծ վտանգ չէր ներկայացնի: Մինչդեռ Մանուկյանն անզգուշորեն անտեսում է այն հանգամանքը, որ նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև մյուս` Փաշինյանի կողմը: Վերջինիս պահվածքը և հռետորաբանությունը, ըստ ՀՀ առաջին նախագահի, ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ, այլ պատրաստ է ցանկացած առճակատման: Հետևաբար, եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է:

Մեզ մտահոգողը միայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից. Լևոն Տեր-Պետրոսյան

Տեր–Պետրոսյանն ասում է` մի՞թե հասկանալի չէ, որ, թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 և 2018 թվականներին: 2018-ին Սերժ Սարգսյանը զիջեց, և նրա քաղաքական հենարանը հանդիսացող ՀՀԿ-ն, արտաքուստ օրինական ճանապարհով, իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին:

Ըստ Տեր–Պետրոսյանի` դրանով, ցավոք, վիժեցվեց Ղարաբաղի հարցի փոխզիջումային կարգավորման ևս մեկ հնարավորություն, քանի որ Սարգսյանը պատրաստ էր իր վերընտրությունից հետո անմիջապես ստորագրել Լավրովյան պլանը, ինչը, Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության համեմատ, մեծագույն հաղթանակ կհամարվեր:

Տեր–Պետրոսյանը կարծում է, որ վտանգավոր է Վազգեն Մանուկյանի այն միտքը, թե Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիային իր լկտիությունները, և եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, ՀՀ–ն այդ դաշինքի մեջ է: «Մի՞թե Մանուկյանը չի հասկանում, որ այսօր էլ Հայաստանի կողմից պատրաստակամություն հայտնելով միանալու դեռևս չկայացած հակաթուրքական ցանկացած դաշինքի` մենք հակադրվում ենք ռուս-թուրքական արդեն իսկ կայացած լիակատար փոխըմբռնման իրողությանը։ Սա նշանակում է, որ դրանով ձեռնոց ենք նետում ոչ միայն Թուրքիային, այլև մեր բարեկամ Ռուսաստանին»,–գրել է առաջին նախագահը։

«Դիմում եմ բոլորիդ». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել համապետական հանրահավաքից առաջ

Նա իր խոսքն ամփոփում է` ասելով, որ Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա, բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով:

Տեր–Պետրոսյանը նաև հույս է հայտնում, որ մեր մտավորականությունը գոնե մեկ անգամ հանդես կգա իր սթափեցնող խոսքով:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում ընդդիմադիր 17 կուսակցություններն ու նրանց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաք էին կազմակերպել։ Հանրահավաքին Մանուկյանը հանդես եկավ ելույթով։

Ըստ թեմայի

Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ. Վազգեն Մանուկյան
«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն
ՌԴ դեսպանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին