Սանդիկով. «Շատ սիմվոլիկ է, որ Հայաստանում ծնված ռուսը մեկնել է պատերազմ և բարձր կոչման արժանացել»
Ваш браузер не поддерживает HTML5 аудио
Դպրոցի անվանակոչության, հերոսի անունը հայրենակիցներին վերադարձնելու նախաձեռնության հեղինակ՝ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց պատմական արդարության վերականգնման այս մտահղացման մասին:
«Դպրոցի անվանակոչման գաղափարին եկանք գյուղի բնակչության, համայնքապետի, դպրոցի ղեկավարության հետ իմ առաջին հանդիպմանը: Երբ առաջարկեցի, դպրոցն անվանակոչել Միխայիլ Լերմոնտովի պատվին, ինչը, սիմվոլիկ կլիներ, իրենք հանդիպակաց առաջարկություն արեցին, որ գյուղում ծնված-մեծացած, Թբիլիսիում կրթություն ստացած, և Հայրենական մեծ պատերազմում հերոսի կոչում ստացած Եֆիմ Ուդալցովի հուշաքարը դպրոցի բակում կա»,-նշեց պատգամավորը:
Ալեքսեյ Սանդիկովի խոսքով՝ հուշաքարը բավականին անխնամ վիճակում էր, բայց Լերմոնտովոյի բնակչության առաջարկությանն ինքը շարունակություն է հաղորդել, դիմել Լոռու մարզի ղեկավարությանը, ներկայացրել հերոսի կենսագրական տվյալները, որ մեր զրուցակցի համար էլ, ինչպես նկատեց, մեծ բացահայտումներով էր լի:
«Պարզվում է`Թբիլիսիում ժամանակին թիվ 11 դպրոցն էր անվանակոչված Ուդալցովի պատվին, որն այժմ նրա անունը չի կրում: Եվ ես կրկնակի զգացողություն ունեցա և պատմական արդարությունը վերականգնելու գաղափարից դրդված, ավելի հաստատակամ այդ նախագիծը տարա: Եվ բոլորովին վերջերս, հոկտեմբերի 15-ին արդեն հրապարակվել է դպրոցի անվանակոչման վերաբերյալ Լոռու մարզպետի որոշումը, հիմա փաստաթղթավորման գործընթացն է արվում»,- ասաց Սանդիկովը:
Լերմոնտովոյի դպրոցն արդեն անվանակոչված է, բայց հանդիսավոր արարողությունները նախատեսված են եկող տարի:
«Դպրոցի անվանակոչման, դպրոցում Եֆիմ Ուդալցովի թանգարանի ստեղծման, հուշաքարի վերանորոգման աշխատանքներն ավարտելուն պես, նախատեսում ենք հաջորդ տարի, մարտի 6-ին, երբ լրանա ԽՍՀՄ Հերոսի կոչում ստանալու 75-ամյակը, նաև Մեծ հայրենականի 75-ամյակի կապակցությամբ, բոլոր տոնական միջոցառումների շարքում, մեծ շուքով նշել նաև Լերմոնտովոյի դպրոցի անվանակոչումը»,-ասաց Սանդիկովը։
Ըստ նրա՝ շատ սիմվոլիկ է, որ Հայաստանում ծնված ազգությամբ ռուս մարդը մեկնել է Հայրենական մեծ պատերազմի դաշտ և նման բարձր կոչման արժանացել: