Տարածաշրջան
© Sputnik / Alex Shlamov

Երկու սահմանն ինը ժամում ենք անցնում. Վերին Լարսը չի կարողանում սպասարկել մեքենաների հոսքը

Ստանալ կարճ հղումը

Ռուս-վրացական սահմանի անցակետի հսկայական խցանումները չեն պակասում։ Մարդիկ հերթերի մեջ երկար ժամեր են անցկացնում։ Խնդրի լուծում դեռ չկա։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Մեքենաները շարունակում են հերթ կանգնել ռուս-վրացական սահման տանող Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս կենտրոնական ավտոմայրուղու վրա։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ «Կազբեկ» վրացական անցակետի աշխատանքում ոչ մի խափանում չկա, իսկ «Վերին Լարս» անցակետը չի կարողանում սպասարկել մեքենաների մեծ հոսքը։

«Երկու սահմանն ինը ժամում ենք անցնում։ Երկու ժամում անցանք վրացական սահմանը, իսկ հետո իսկական դժոխք սկսվեց։ Ռուսական սահմանի հերթը սկսվեց հենց վրացական մաքսակետի մոտ։ Մեքենաները հազիվ էին առաջ գնում։ Մի քանի ժամ չեզոք տարածքի թունելներում էինք կանգնած։ Հերթն ընդհանուր էր. բեռնատար ու մարդատար մեքենաները խառն էին։ 6,5 ժամ հետո մոտեցանք ռուսական անցակետին ու 15 րոպեում անցանք», – ասում է զբոսաշրջիկ Վարվարա Կևլիշվիլին, որը Վրաստանից Ռուսաստան էր ուղևորվում։

Եթե զբոսաշրջիկները ստիպված են ժամերով սպասել, ապա բեռնատար ֆուրերի վարորդները սպասում են օրերով։ Նրանց ուտելիքի, ջրի ու վառելիքի պաշարը սպառվում է։

Ավելի վաղ Հյուսիսային Օսեթիայի մաքսակետի մամուլի ծառայությունից պարզաբանել էին, որ անցակետի անցումային կարողությունն օրական մոտ երկու հարյուր մարդատար ու 180 բեռնատար մեքենա է։ Իսկ հիմա, զբոսաշրջային սեզոնի ընթացքում, օրական սահմանն անցնում է մոտ երեք հազար մարդատար մեքենա ու վեց հարյուր բեռնատար։ Կետը նախատեսված է օրական չորս հազար մարդու համար, իսկ հիմա օրական մոտ 14 հազար մարդ մաքսային հսկողություն են անցնում։

«Կազբեկ – Վերին Լարս» անցակետն այսօր Ռուսաստանի ու Վրաստանի սահմանի գործող միակ ցամաքային անցակետն է։ Այն նաև չափազանց կարևոր է Հայաստանի համար։

Վրաստանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ մաքսակետերի գործարկման հարցը. Քննարկվումներն ընթանում են դեռևս 2011 թվականին ստորագրված «Ապրանքների վաճառքի մաքսային հսկողության ու մոնիթորինգի հիմնական մեխանիզմների» մասին համաձայնագրի շրջանակում։

Ըստ թեմայի

Վերին Լարսը հայկական բերքի ճանապարհը չի փակել.արտահանված գյուղմթերքի ծավալը կրկնակի աճել է
Լարսը կրկին փակվեց, ավտոմեքենաները նորից կուտակվեցին
Լարսը բաց է, բայց Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Լարսը բաց է, բայց Հայաստանի որոշ ճանապարհներ պատված են մերկասառույցով
Վերին Լարսը փակ է, իսկ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ