Հասարակություն
Арменуи Мхоян

Գյումրեցի տատի նամակը. «Անփորձանք ծառայիր ու մորդ մոտ վերադարձիր»

Ստանալ կարճ հղումը

Գյումրիի բնակիչները նախօրեին զինվորին անհրաժեշտ իրեր հավաքեցին, նաև նամակներ գրեցին` ուղարկելու զորամասեր։ «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ակցիային մասնակցեցին բոլորը` փոքրից մեծ

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շտապ բուժօգնության բժշկուհի Սյուզան Ղազարյանը հազարավոր մարդկանց նման սրտի տրոփյունով է հետևել ապրիլյան քառօրյայի լրահոսին: Անկեղծանում է՝ լաց է եղել ամեն մի զոհի ու վիրավորի համար: Ապրումները, հույզերն ու մաղթանքները երիտասարդ բժշկուհին ամփոփեց նամակում, որը ծրարեց` առանց հասցեի ու հանձնեց «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» նախաձեռնության կազմակերպիչներին:

Арменуи Мхоян
«Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ակցիան Գյումրիում

«Որոշեցի նամակ գրել ու շնորհակալություն հայտնել, որ ինքը կա ու հսկում է սահմանն ու մենակ չէ. մենք աղոթում ենք իր անվտանգ ծառայության համար»,- նշեց երիտասարդ բժշկուհին՝ ափսոսանք հայտնելով, որ ուշ է իմացել ակցիայի մասին, այլապես նամակից բացի` նաև փոքրիկ նվեր կպատրաստեր:

Սահմանին կանգնած զինվորին շնորհակալություն հայտնեցին նաև երեխաները` ցանկանալով իրենց խոսքով ուրախություն պատճառել զինվորներին։ Նրանց թվում էին 12-ամյա Անուշավանն ու Գարեգինը, որոնք շատ պարզ ու անմիջական նամակ էին գրել.

Арменуи Мхоян
«Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ակցիան Գյումրիում

«Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր, որ օր ու գիշեր հսկում ես մեր անդորրը ու խաղաղությունը: Քո շնորհիվ մենք հանգիստ մեր գլուխը դնում ենք բարձին ու քնում: Բարի ծառայություն»։ Իսկ որպես հետգրություն` ավելացրել էին` դուխով ախպերներ:

Арменуи Мхоян
«Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ակցիան Գյումրիում

civilvoice կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ակցիային միանում էին բոլորը` ահել ու ջահել, ովքեր ոչ միայն անհրաժետ հիգիենայի պարագաներ ու գրքեր էին բերում զինվորների համար, այլև նամակ էին գրում` սիրո ու քաջալերանքի խոսքերով, մաղթանքներով: Իսկ ովքեր նախօրոք չգիտեին ակցիայի մասին, մոտակա խանութներից էին գնումներ կատարում և ուղարկում սահման։

Арменуы Мхоян
«Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ակցիան Գյումրիում

69-ամյա Էմմա տատն ակնոց չուներ, բայց դա չխանգարեց, որ նա էլ իր մաղթանքը թղթին հանձնի՝ երիտասարդներին խնդրեց գրի առնել իր խոսքը. «Անփորձանք ծառայիր ու մորդ մոտ վերադարձիր»:

Նախաձեռնությունը շարունակական է լինելու, վստահեցնում են նախաձեռնության հեղինակները։ Իսկ նախօրեին հավաքված պարագաները և նամակները կտրամադրվեն ԼՂ տարածքում գտնվող N զորամասի զինվորներին: