Հասարակություն
Арменуи Мхоян

Վարդավառին Գյումրիում ջրի երես դուրս եկան ջրի «լևի տրուբաները»

Ստանալ կարճ հղումը

Վարդավառը Գյումրիում տոն է բոլորի համար` և՛ ջրողների, և՛ ջրվողների, և՛ «Շիրակջրմուղի» աշխատայիցների, որոնք տոնի շնորհիվ կարող են հայտնաբերել ապօրինի ջրագծերը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Վարդավառ է. միմյանց շնորհավորելով ու միմյանց ջրելով` Գյումրիում ազդարարվեց օրվա մեկնարկը:

Եղանակային անակնկալներից վախեցած գյումրեցին որոշեց ջրել ու ջրվել առավոտ վաղ, բայց խաղը թեժանալու միտում ունի հատկապես այն ժամանակ, երբ կսկսեն խաղալ թաղամասերով:

Քաղաքի որոշ թաղամասեր ջրազուրկ են, խաղալը` դժվար։ Եվ այս դեպքում լավագույն վայրը Գյումրու «Վարդանանց» հրապարակն է, որտեղ ջրի հարցում օգնության է հասնում շատրվանը:

Գյումրեցիները կատակում են. «Ինչքան ջրի «լևի տրուբա» կար, սաղ ջրի երես ելավ»:

Նաև նկատում են, որ ապօրինի ջրագծերը հայտնաբերելու լավագույն օրը հենց Վարդավառն է. «Շիրակջրմուղի» աշխատակիցները ձև են անում, թե խաղում են, դույլերը ձեռքներին ուշադիր նայելով թաղից թաղ են անցնում:

Арменуи Мхоян
Վարդավառը Գյումրիում

Իսկ երիտասարդներին հումորով գյումրեցիները խորհուրդ են տալիս՝ աղջիկներին ջրելուց հետո «չգայթակղվել» ու չմոռանալ` ինչի համար են հավաքվել:

Գյումրիում շատերը պահում են ավանդույթները` հինգ տաղավար տոներից Քրիստոսի Պայծառակերպության տոնին այցելում են Յոթ վերք եկեղեցի ու մասնակցում Սուրբ Պատարագին։ Մի խումբ երիտասարդներ էլ փորձում են վերադարձնել Վարդավառի, ինչպես գյումրեցին է ասում` Վարդևորի տոնի ժողովրդական ավանդույթները խաղիկներով ու ավանդույթներով, երգ ու պարով.

Վարդավառը գալիս է,
Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ, շարել եմ
Տո շան տղա քեզնից լավին ճարել եմ, ճարել եմ:

Ծառի կանաչ տերևը,
Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ, շարել եմ:

Յարիս թև-թև մազերը,
Տո շան աղջիկ քեզնից լավին ճարել եմ, ճարել եմ…

Կամ էլ՝

Վարդն ի բացվե առավոտյան շաղերով,
Իմ յար բախչեն վարդ կքաղի մաղերով,
Վարդն ի բացվե Վարդևորան կիրակին,
Քո սերն ընկե մեջ իմ սրտի պուրակին։

Այ տղա՜, սիրո՜ւն տղա,
Քեզ հազա՜ր բարով տեսա,
Շեն կենա էս Վարդևոր,
Սրտիս մուրազին հասա։