Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Ու՞ր հասանք. իրար դիմաց կանգնած են ոստիկանությունն ու քաղաքացիները

Ստանալ կարճ հղումը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ներքին կյանքը ցնցած գործողությունները վերլուծել են ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, հրապարակախոս Կարինե Հակոբյանն ու իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Արյունահեղության վտանգը կախված է օդից։ Այս կարծիքն ունեն ասուլիսի բանախոսները։ Վարդան Հարությունյանը, օրինակ, ենթադրում է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի և իշխանության բանակցությունները կարող են երկար տևել, իսկ հանգուցալուծումը մոտ չէ։

«Վտանգը ռեալ է և ակտուալ։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավելորդ սրացումներ են մտցվում»,-ասաց Հարությունյանը։

Լարիսա Ալավերդյանին էլ նյարդայնացնում են հատկապես այն դիտարկումները, որ իբր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը զոհվել է ոստիկանության սխալ գործելաոճի պատճառով։

«Ասում են, որ ոստիկանները ջղագրգիռ վիճակում են եղել։ Սա թայֆա չէ, սա ազգ ու պետություն է։ Մեր երկրում տեղի են ունենում կոշտ և անընդունելի երևույթներ»,- ասաց Ալավերդյանը։

© Sputnik / Асатур Есаянц
Լարիսա Ալավերդյան

Նախկին օմբուդսմենը միաժամանակ կոչ է անում ոստիկաններին հանդուրժողականություն դրսևորել ու ծեծի, խոշտանգումների չդիմել հասարակ քաղաքացիների նկատմամբ։

Հրապարակախոս Կարինե Հակոբյանը շեշտադրումն ավելի ընդհանրացրեց։ Նա ճիշտ չի համարում ստեղծված իրավիճակում մեղադրել միայն ոստիկանությանը։ Նրա խոսքով` ընդվզումը միայն իշխանության դեմ է, որն այդպես էլ դասեր չքաղեց արտաքին թշնամու ոտնձգություններից։

«Ու՞ր հասանք. իրար դիմաց կանգնած են ոստիկանությունն ու քաղաքացիները։ Ժամանակն է սթափվել ու պատճառները գտնել մեր անկախ հանրապետության հիմքերում։ Մենք սխալ ռելսերի վրա ենք դրել մեր անկախ հանրապետության զարգացումը»,-ասաց Հակոբյանը։

Վերջում նա հիշեցրեց` ուժեղ է այն իշխանությունը, որն ընդառաջ է գնում հասարակության կոչերին։