Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Տեղեկություն «Սասնա ծռերից». ոստիկանության կողմից գրոհ չի եղել

Ստանալ կարճ հղումը

«Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ նշվում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. «Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջում նշված է, որ կապ է հաստատվել խմբի անդամների հետ:

«Արմենակ Կյուրեղյանը` Կյուրեղյան եղբայրների հայրը, երեկվա դեպքերի հետ կապված հայտնում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականությունը հետևյալն է. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է»,- նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:

Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: