ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Երևանում ոստիկանության իրականացրած լայնածավալ գործողության հետևանքով Խորենացի փողոցում և Սարի թաղում հավաքված ցուցարարները շատ արագ ցրվեցին:
Բողոքի ակցիայի մասնակիցների երթը մեկնարկել էր Ազատության հրապարակից: Ցուցարարները շարժվել էին դեպի Խորենացու փողոց՝ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու համար:
Կրակոցներ
Ցուցարարների մի մասը ոստիկանների համար անսպասելի կերպով փոխեց ճանապարհը և Նար Դոսի փողոցից շարժվեց դեպի Սարի թաղ՝ զավթված գնդի շրջան, որտեղից անկանոն կրակոցներ լսվեցին:
Դեպքի վայրում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնեց, որ ոստիկանները գործարկեցին լուսաձայնային նռնակները:
Իրավապահ մարմնի տասնյակ աշխատակիցներ փորձեցին փակել ճանապարհը, բայց ցուցարարներին հաջողվեց առաջ անցնել:
Բախում ոստիկանների հետ և ցուցարարների ցրման օպերացիան
Ոստիկանության ներկայացուցիչները բազմիցս նախազգուշացրել էին, որ հավաքն անօրինական է և ցուցարարները պետք է լքեն զավթված գնդի տարածքը: Չնայած այդ նախազգուշացումներին՝ ցուցարարները Խորենացու փողոցն ու Սարի թաղը լքելու մտադրություն չունեին:
Սկզբում իրավիճակը սրվեց Սարի թաղում: Ցուցարարները որոշեցին թափանցել ՊՊԾ գնդի տարածք:
Իրավապահ ուժերը ցուցարարների ուղղությամբ կրկին նետեցին լուսաձայնային և ծխային նռնակները:
Նշենք, որ բողոքի ակցիաների անցկացման համակարգող խորհուրդը և ցույցի կազմակերպիչները համոզված են, որ Սարի թաղի շրջանում բախումը հրահրել են քաղաքացիական հագուստով ոստիկանները:
Ցուցարարներին ցրելու հետևանքով տուժել են մի շարք հայ լրագրողներ, ինչպես նաև LifeNews-ի օպերատորը: Լուսաձայնային պայթուցիկներից մեկն ընկել է հարակից տների մեկի վրա, կոտրվել են տան ապակիները, կան տուժածներ:
Ոստիկանները ցրեցին նաև Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին: Տասնյակ մարդիկ բերման ենթարկվեցին:
Բախումների հետևանքը՝ բերման ենթարկված 165 մարդ, բուժօգնության դիմած 73 տուժած: