Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

ՄԻՊ. Փաստաբաններին թույլ չեն տվել հանդիպել բերման ենթարկվածներին

Ստանալ կարճ հղումը

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ երեկ երեկոյան ՊՊԾ գնդին հարակից տարածքներից բերման ենթարկված քաղաքացիներից ոմանց թույլ չեն տվել հանդիպել փաստաբաններին:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Ոստիկանության բաժանմունքներ այցելած ՄԻՊ աշխատակիցները փաստաբանի մուտքը ոստիկանության բաժիններ խոչընդոտելու դեպքեր են արձանագրել: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակից:

«Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին կամ բերման ենթարկվածի պահման վայր: Այս պահանջը չապահովելը օրենքի կոպիտ խախտում է»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ի դեպ, ՄԻՊ աշխատակիցների այցերի առաջնահերթ նպատակներից մեկ էլ քաղաքացիների հենց այս իրավունքի իրացումն ապահովելն է եղել:

Այսօր առավոտից ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության բաժիններ, քանի որ բազմաթիվ հաղորդումներ են ստացել քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է նաև ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից տուժած Սարի թաղի բնակիչներին, տեղում արձանագրել նրանց հասցված գույքային վնասի մասին փաստեր: