Հասարակություն
АРКА

Դասագրքերը բաշխվում են դպրոցներին

Ստանալ կարճ հղումը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին բաշխվում են 2016-2017 ուստարվա դասագրքերը:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հետևել է 2016-2017 ուստարվա դասագրքերի բաշխման գործընթացին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Դասագրքերի շրջանառու հիմնադրամից և ՀՀ ԿԳ նախարարության տպագրած դասագրքերը կենտրոնացվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցում, որտեղից էլ զուգահեռաբար բաշխվում են քաղաքապետարանի ենթակայության մյուս կրթօջախներին: Նախապես ներկայացված հայտերի հիման վրա համապատասխան քանակի դասագրքերը տրամադրվում են դպրոցների գրադարանավարներին`մինչև սեպտեմբերի 1-ը արդեն տեղերում դրանք բաժանելու համար:

Այսօր դասագրքերը բաշխվելու են Կենտրոն վարչական շրջանի դպրոցներին: Ի դեպ, առաջինից չորրորդ դասարանցիներին դասագրքերը կտրամադրվեն անվճար, ընդ որում, առաջին դասարանցիներին` ինչպես միշտ՝ նվիրատվության կարգով: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի տրամադրած դասագրքերը վճարովի են, գնացուցակներն էլ փակցված են դպրոցներում` տեսանելի վայրում: Դասագրքերից բացի ստացվել է նաև ուսումնաօժանդակ գրականություն, որը նույնպես բաշխվում է դպրոցներին: