Հասարակություն
© Sputnik / Sergey Melkonov

Գարեգին Բ կաթողիկոսն արգասավոր տարի է մաղթել

Ստանալ կարճ հղումը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմերի — Sputnik. Շնորհավորական ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցահասակ և ուսանող Մեր բոլոր զավակներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր պատասխանատուներին:

Օրվա խորհուրդը արտահայտում է մեր ժողովրդի ձգտումն ու սերը գիտության ու լուսավորության հանդեպ, որը դարձել է գրավականը ազգային մեր հարատևության:

Ուսումնական ամեն տարեմուտ մեր ժողովուրդը տոնում է բարի հույսերով ու սպասումով, որ կրթական հաստատություններից սփռվող գիտության լույսով պիտի ամրանան ու զորանան հոգին ու միտքը մեր զավակների:

Կրթությունն ու իմացությունը Աստծուց տրված բարիք են, որպեսզի մարդը ճանաչելով իր Արարչին ու աշխարհը՝ ապահով ու երջանիկ դարձնի իր կյանքի ընթացքը:

Աղոթում ենք, որ Տերը քաջարթուն միտք ու պայծառ հոգի պարգևի Մեր սիրելի զավակներին և պահի հաստատուն աստվածային պատգամների շավիղներում, ուժ ու եռանդ շնորհի մանկավարժ-դասախոսներին և կրթության գործի բոլոր նվիրյալներին՝ կրթելու և դաստիարակելու ազգի արժանավոր ու շնորհաշատ զավակներ:

Թող Տիրոջ օրհնությամբ նոր ուսումնական տարին արգասավոր լինի առատ վաստակով՝ հանուն մեր հայրենիքի զորացման և մեր ժողովրդի առաջընթացի»: