Հասարակություն
© Sputnik / Armenuhi Mkhoyan

Ոտքերից զուրկ, թասիբով վարորդը

Ստանալ կարճ հղումը

Գյումրիում այսօր շատերն են օրվա հացը տաքսի վարելով վաստակում: Սերյոժա Թադևոսյանն էլ այդ շատերից չի տարբերվում, սակայն միայն՝ առաջին հայացքից: Տարբերություն կա. ու ոչ թե նրա հին 31-10 մակնիշի մեքենան է, այլ հենց վարորդը` արդեն երկար տարիներ հաշմանդամության առաջին կարգ ունեցող վարպետ Սերոժը:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Արյան ոչ լրիվ շրջանառության հետևանքով երկու ոտքից ու մեկ ձեռքի մատներից զրկված Սերյոժան երկու զավակ ունի՝ որդի ու դուստր, բայց հիմա նրանք էլ իրենց օրվա ապրուստը վաստակելու համար արտերկրում են: Երկու տարեցների համար ընտանիքի հիմնական եկամուտը վարպետ Սերոժի հաշմանդամության թոշակն է, կինն էլ շուկայում սուրճ ու կարկանդակ է վաճառում: 45 տարվա վարորդը վերջին 2 տարին է, ինչ իր ու կնոջ ֆինանսական հարցերը փորձում է լուծել տաքսու միջոցով:

«էս վերջին 2 տարին է, ինչ ապրուստս այսպես եմ վաստակում: Չեմ կարող ժամի պատի տակ նստել ու փող մուրալ: Ինձ չի սազում: Տղամարդը պետք է իր փողն ինքն աշխատի: Տաքսի կքշեմ, օրական ինչ աշխատեմ, յոլա կերտամ: Մի օր կեղնի, մի օր չէ: Դատարկ քաղաք է, մարդ չկա: Տանը մենակ մնամ, ինչ էնե՞մ, կինս 10-20 դրամի համար շուկան սուրճ կծախե, ես էլ ամեն օր ստեղ եմ»,- անկեղծանում է նա:

Վարպետ Սերոժը միշտ չէ, որ այս վիճակում է եղել. երկար տարիներ հարմոն է նվագել հարսանիքներում՝ հա՛մ շատ է սիրել, հա՛մ էլ եկամտաբեր գործ է եղել:

«Աղի պես գործ էր, հարսնիքներ կնվագեի ու վաստակովս նույնիսկ 2 ընտանիք էլ կռնայի պահել,- հպարտությամբ հիշում է վարպետը՝ ցույց տալով կտրված մատները,- բայց հմի հարմոն նվագելու մասին խոսելն ավելորդ է: Ըդոր համար տաքսի կքշեմ, թե չէ ու՞մ ըսեմ, թե հացըմ տվեք: Օր կա, գազի փողն էլ չի ելնի, օր էլ կա, մի քանի դրամ կմնա՝ կուրախանամ»:

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արդեն 2 տարի է՝ տաքսի վարելով է գումար վաստակում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ամեն օր մեքենան կանգնեցնում է «Դղյակ» խանութի մոտ ու սպասում «Աստծու տված ուղևորին»
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ոմանք գալիս, բացում են դուռը, տեսնում են վարորդի վիճակն ու կրկին փակում այն
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վարպետը 1984 թվականից է այսպես՝ նախ մի ոտքն է անդամահատվել, ապա՝ մյուսը, իսկ վերջերս արդեն մի ձեռքի մատները:
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մեքենան հարմարեցրել են վարպետ Սերոժին
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ու այսքանից հետո իր կյանքում վարպետ Սերյոժան ոչ մի բան չի ուզում փոխել:

Ամեն օր մեքենան կանգնեցնում է «Դղյակ» խանութի մոտ ու սպասում «Աստծու տված ուղևորին». շատերը նախընտրում են նորաոճ տաքսի նստել, ոմանք էլ գալիս, բացում են դուռը, տեսնում են վարորդի վիճակն ու կրկին փակում այն՝ վախենալով իրենց կյանքը վստահել հաշմանդամություն ունեցող վարորդին:

Առանց երկմտելու նստեցի վարպետ Սերոժի մեքենան: 45 տարվա վարորդական վարպետությունն իրեն ասել տվեց. հատուկ հարմարեցված մեքենան շատ-շատերից լավ էր վարում ու հետն էլ անընդհատ պնդում՝ ես ոտքից ու ձեռքից եմ հաշմանդամ, հո ուղեղի՞ց էլ չեմ:

«Չեմ նախանձում մյուսներին. թող հարուստ լինեն ու առողջ, իսկ ես թող այսպես յոլա գնամ: Թող մարդիկ թասիբով ապրին: Տաքսին իմ ըսելով են վարպետները սարքել՝ կոնուսը, ռուլը, գազն ու մնացածը,- նշեց վարպետը՝ ցույց տալով արդեն ինքնաշեն դարձած մեքենան:

Վարպետը 1984 թվականից է այսպես՝ նախ մի ոտքն է անդամահատվել, ապա՝ մյուսը, իսկ վերջերս արդեն մի ձեռքի մատները, բայց ինքն է ասում՝ կամքի ուժը երբեք էլ չի անդամահատվել: Լենինականցու թասիբը միշտ է իրեն ուղեկցում: Ու այսքանից հետո վարպետ Սերոժը ոչ մի բան չի ուզում փոխել իր կյանքում:

Ваш браузер не поддерживает данный формат видео

© Sputnik / Արմենուհի Մխոյան
Երկու ոտքից զրկված վարպետ Սերոժը տաքսի է վարում