Հասարակություն
© Sputnik / Karen Yepremyan

Ինչպես ագռավները գողացան երևանցիների «ժամանակը»

Ստանալ կարճ հղումը

Երևանաբնակների ու Երևան ժամանած հյուրերի մոտ Հանրապետության հրապարակը սովորաբար ասոցացվում է կառավարության, Արհեստակցական միությունների ու Ազգային պատկերասրահի շենքերի հետ, բայց կար ժամանակ, որ այդ կառույցները չկային...

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Երևան քաղաքի պատմության թանգարանում մի հետաքրքիր ժամացույց կա, որն անտարբեր չի թողնում այցելուներին։ Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը հետաքրքիր պատմություն է պատմում այդ ժամացույցի մասին, որը մինչև Երկրորդ համաշխարհայինի տարիները զարդարել է մայրաքաղաքային ոստիկանատ"ան շենքը։

«Երևանի հին ժամացույցը տեղադրված է եղել հրապարակում գտնվող ոստիկանատան շենքի ճակատային հատվածում։ Այս ժամացույցը պատրաստվել է Թիֆլիսում 1891 թվականին, գումարը հավաքվել է երևանցիների հանգանակության շնորհիվ։ Նպատակը մեկն է եղել, որ մեր քաղաքը 19-րդ դարում ունենա իր ժամացույցը»,- ասաց Սարգսյանը։

© Sputnik / Karen Yepremyan
Արմինե Սարգսյան
© Sputnik / Karen Yepremyan
Արմինե Սարգսյան
© Sputnik / Karen Yepremyan
Արմինե Սարգսյան

Երբ ժամացույցը տեղադրել են ոստիկանական շենքի ճակատային հատվածում, ապակին կոտրվել է, և սլաքները բաց են մնացել։

«Այդ ժամանակ քաղաքում շատ ագռավներ են եղել, որոնք անընդհատ կանգել են սլաքների վրա, և ժամանակը խախտվել է։ Երևանը ճիշտ ժամ չի ունեցել։ Իրավիճակը փրկելու համար հատուկ պահակ են կանգնեցրել ժամացույցի տակ, ժամը մեկ կրակել են, որպեսզի ագռավները չկանգնեն, և ժամը սխալ չլինի»,- ասաց Սարգսյանը։

Ժամացույցը Երևան քաղաքի պատմության թանգարանում ցուցադրության է հանվել 2016 թվականին «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում։

Թանգարանի տնօրենի խոսքով` ժամացույցի սլաքները հիմա չեն աշխատում, փոքրիկ անսարքություն կա, որը հնարավոր է վերականգնել, բայց մեխանիզմն աշխատում է։

«Ժամացույցի մեխանիզմի ձայնը շատ բարձր է, այդ պատճառով էլ սովորաբար չենք միացնում։ Բայց ապագայում գուցե, որպես հետաքրքիր ինտերակտիվ երևույթ, մենք այն միացնենք ու ներկայացնենք թանգարանի այցելուներին»,- ասաց Սարգսյանը։

Հայտնի է, որ ոստիկանատան շենքը քանդվել է 1940-ական թվականներին, երբ սկսվել են Հանրապետության հրապարակի կառուցապատման աշխատանքները, և Ալեքսանդր Թամանյանի նախագծով իրականացվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման ծրագիրը։

Русская версия