Հասարակություն
edu

Հայ–ռուսական կրթական ծրագրեր . Հանդիպել են Լևոն Մկրտչյանն ու Լյուբով Գլեբովան

Ստանալ կարճ հղումը

Հայ-ռուսական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր են այսօր քննարկել ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանն ու ՌԴ, ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության ղեկավար Լյուբով Գլեբովան։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ, ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության (Ռուսհամագործակցություն) ղեկավար Լյուբով Գլեբովային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է Ռուսհամագործակցության գործակալության կողմից մեր երկրում իրականացվող կրթական և հումանիտար գործունեությունը, և այն հետևողական աշխատանքը, որն այդ ուղղությամբ իրականացնում է գործակալությունը. «Մեր երկու երկրների միջև ձևավորվել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցելու նպաստավոր միջավայր: Գտնվելով կրթամշակութային և քաղաքակրթական ընդհանուր տարածքում՝ մենք անցել ենք պատմական համատեղ ճանապարհ, որը շատ ամուր հիմք է՝ հետագա հարաբերությունների զարգացման համար»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով հայ-ռուսական կրթության և գիտության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ԿԳ նախարարը նշել է Երևանում Հայ-ռուսական սլավոնական համալսարանի գործունեությունը, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի բացումը, միջպետական կրթաթոշակային ծրագրերը, միջբուհական հորիզոնական կապերը:

ՀՀ ԿԳ նախարարը ասել է, որ ՀՀ կառավարության հանձնարարությամբ նախարարությունում մշակվում է օտար լեզուների զարգացման հայեցակարգ, որի համատեքստում դիտարկվում է նաև ռուսաց լեզվի զարգացումն ու ռուսերենի դասավանդման որակի բարելավումը: