Հասարակություն
© Sputnik / Евгений Биятов

Հայաստանի 3 մարզում այս տարի անցում կկատարվի համընդհանուր ներառական կրթության

Ստանալ կարճ հղումը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հանդիպում է ունեցել «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության ներառականությանն առնչվող հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների դերակատարությունը՝ շեշտելով, որ կրթության համակարգում համընդհանուր ներառականությանն անցում կատարելու հարցում նախարարությունը կարևորում է միջազգային և հասարակական կառույցների աջակցությունը: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ այս տարի հանրապետության 3 մարզում անցում կկատարվի համընդհանուր ներառական կրթության. Սյունիքում համընդհանուր ներառականության անցումը ավարտվել է 2016 թվականին, 2017-ին գործընթացը կավարտվի նաև Լոռու և Տավուշի մարզերում:

Համընդհանուր ներառական կրթության անցման գործընթացը հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում նախատեսվում է ավարտին հասցնել 2021 թվականին:

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները իրավական դաշտի վերլուծության և կրթական իրավունքների իրացման առնչությամբ:

Մկրտչյանը շեշտել է, որ նախարարությունը պատրաստ է քննարկել ցանկացած բովանդակային առաջարկություն, որը կարող է նպաստել ներառական կրթության կազմակերպման համակարգի ընդլայնմանն ու կայացմանը: