Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Դպրոցների վերանորոգումից մինչև ուսուցիչների հեղինակության բարձրացում

Ստանալ կարճ հղումը

Մայրաքաղաքի բազում դպրոցներ վերանորոգման կարիք ունեն, իսկ ուսուցիչները` որակավորման բարձրացման։ Այսպես է կարծում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Մայրաքաղաքի դպրոցների վերանորոգման հարցը Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, այսօր լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Նրա խոսքով` համապատասխան մարմիններն ամեն տարի նշված ժամկետներում զբաղվում են այդ հարցով կոնկրետ։

«Մենք պատրաստ ենք նոր ուսումնական տարվան։ Այժմ կառավարության որոշման համաձայն` յոթ դպրոց է վերանորոգվում մայրաքաղաքում։ Մեր խնդիրը տարբեր կառույցների հետ արդյունավետ համագործակցելն է, որի շնորհիվ հնարավոր կլինի վերանորոգել դպրոցները։ Անելիք դեռ շատ կա։ Երևանում կան ուսումնական հաստատություններ, որոնք անմխիթար վիճակում են», — ասաց Մարգարյանը։

Քաղաքապետի առաջնահերթ խնդիրն է այնպես անել, որ երեխաները հարմարավետ ու բարենպաստ պայմաններում սովորեն։

Նա նաև հավելեց, որ Երևանի վարչակազմն ամեն տարի օգնում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։

Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունների ամփոփումից առաջ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը խոսեց դպրոցները բարեկարգելու մտադրության մասին։

«Օգոստոսյան խորհրդակցություններն ունեն երկու նպատակ՝ բացատրել մեր քաղաքականության հիմնական ուղղվածությունը, առաջիկա փոփոխությունները և լսել ուսուցիչների առաջարկները` ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ»,-ասաց նախարարը:

Մկրտչյանը պատմեց նաև նոր «Ուսուցիչ» ծրագրի մեկնարկի մասին, որի մանրամասները կներկայացվեն հոկտեմբերին` Ուսուցչի օրվան ընդառաջ։

«Ծրագիրը նպատակ ունի բարելավել ուսուցչի սոցիալական վիճակը, կարգավորել ուսուցչի ընտրության մեխանիզմներն ու այլ խնդիրները: Ծրագրի շնորհիվ կբարելավվի ուսուցչի հեղինակությունը հասարակությունում»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարը շեշտեց` Հայաստանում պետք է բարձրացնել կրթության մակարդակը։