Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերը կարող են չանհանգստանալ. պարզաբանում

Ստանալ կարճ հղումը

Աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծման և շահագործման վերաբերյալ շրջանառության մեջ դրված որոշումների նախագծի շուրջ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել։

«Հարկ ենք համարում պարզաբանել, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկությունը»,- նշված է պարզաբանման մեջ։

Ըստ նախարարության` այդ իսկ պատճառով նախագծով առաջարկվում է թույլատրել մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը:

Սրանից բխում է, որ մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում:

«Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները»,- վստահեցնում է գերատեսչությունը։

Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի մասին ՀՀ օրենսդրական փոփոխությունների նախագիծը մշակվել և առողջացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովի քննարկումների արդյունքում: