Հասարակություն
© CC BY 2.0 / Esther Lee / Spice Market, Istanbul

Երևանում հորդորում են հետևել Բաքվի օրինակին ու արգելել թուրքական ապրանքի ներկրումը

Ստանալ կարճ հղումը

Ադրբեջանում արգելել են Թուրքիայից ապրանք ներմուծել, Երևանում կոչ են անում հետևել Բաքվի օրինակին։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալությունը Թուրքիայից ներկրվող 130 տեսակի ապրանք օգտագործման համար ոչ պիտանի է ճանաչել ։ Երևանում փորձագետները հորդորում են հետել Բաքվի օրինակին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը։

«Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալության հետազոտությունը, որի արդյունքում 130 տեսակի թուրքական ապրանք օգտագործման համար անպիտան են ճանաչվել», — ասաց Պիպոյանը։

Պիպոյանը սա մեծ թիվ է համարում։ Այդ կատեգորիայի մեջ են բուսական յուղերը, թեյերը, շոկոլադը, ոչ ալկոհոլային ըմպելիքները, սննդային հավելումները։

«Դա կարող է մեզ համար կոչ լինել ավելի ուշադիր լինել ներկրվող ապրանքների նկատմամբ, մասնավորապես` Թուրքիայից», — ասաց Պիպոյանը։

Նա նշեց, որ թուրքական ապրանքները հաճախ չեն հասնում եվրոպական երկրներ, քանի որ արդեն ԵՄ-ի սահմանին անպիտան են համարվում։ Ցավոք, թուրքական ապրանքներն առանց վախենալու ներկրում են Հայաստան։

«Օրինակ` մեզ մոտ հաճախ տեսնում եմ թուրքական կիտրոններ, չրեր ու հրուշակային հավելումներ, որոնք մի շարք երկրներ անպիտան են ճանաչել», — ամփոփեց Պիպոյանը։

Հիշեցնենք` հայ գյուղացիները բազմաթիվ անգամ բողոքել են, որ հայկական շուկան լցված է թուրքական ապրանքներով, և դրա պատճառով չեն կարողանում մթերել սեփական ապրանքը, որը թուրքականի համեմատ ավելի թանկ է։