Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Բուհում դասերը կերկարացվեն մեկ շաբաթով, բացակաները հաշվի չեն առնվի

Ստանալ կարճ հղումը

ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակում դասերը կերկարացվեն մեկ շաբաթով:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Երևանի պետական համալսարանը հայտարարություն տարածել, որի համաձայն` ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ուսումնական պարապմունքներից բացակայությունները հաշվի չեն առնվի:

Բայց եթե այդ ժամանակահատվածից առաջ ուսանողներն արդեն ունեին կարգապահական տույժի կամ հեռացման ենթակա բացակայությունների չափ, ապա այս որոշումը չի անդրադառնա նրանց վրա:

ԵՊՀ կարգապահական կանոնների համաձայն՝ 60 և ավելի ժամ բացակայությունների դեպքում ուսանողը կարգապահական տույժ է ստանում ֆակուլտետի կողմից, 90 և ավելի ժամ բացակայությունների դեպքում՝ ռեկտորատի կողմից, իսկ 120 և ավելի ժամ բացակայություններ ունեցողը ենթակա է հեռացման:

Մինչև 12 կրեդիտների պարտքերի հանձման համար սահմանված ժամանակահատվածում (ապրիլի 25-ից մայիսի 2-ը) չներկայացած ուսանողները, ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն, կարող են ներկայանալ մայիսի 15-17-ը:

Իսկ հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների առաջին ընթացիկ քննություններին չներկայացած ուսանողներին հնարավորություն կտրվի ներկայանալ մայիսի 10-15-ը:

ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակում դասերը կերկարացվեն մեկ շաբաթով: Դասերի ավարտը հունիսի 1-ի փոխարեն սահմանվել է հունիսի 8-ը: Քննաշրջանը հունիսի 4-22-ի փոխարեն սահմանվել է հունիսի 11-29-ը:

Մեկ շաբաթով կտեղաշարժվի նաև երկրորդ ընթացիկ քննաշրջանը: