Հասարակություն
© Sputnik / Aram Nersesyan

Չեխովի անվան դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագիր իրականացնելու պայմաններ. ԿԳ նախարար

Ստանալ կարճ հղումը

Արայիկ Հարությունյանին ԿԳՆ արտոնագրման վարչությունից զեկուցել են, որ Չեխովի անվան դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի լիցենզիա:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Կրթության և գիտության նախարարը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ դպրոցի տնօրինությունը համապատասխան արտոնագիր ստանալու համար դիմել է իշխանափոխությունից հետո և մերժումներ է ստացել, քանի որ դպրոցը բացի այն, որ փաստացի երկար տարիներ տարրական հանրակրթական ծրագիր իրականացնելու իրավունք չի ունեցել, չունի նաև համապատասխան պայմաններ:

«Հիմնական դպրոցի՝  5-9 դասարանները ներառյալ,  լիցեզիան նախատեսված է 710 աշակերտի համար, բայց ստուգումների արդյունքում պարզվել է, որ դպրոցը ունի ավելի քան 900 աշակերտ. էլ չասեմ տարրականը: Ու այսպիսի իրավիճակ է ստեղծվել, որ լիցենզավորման վարչությունը մերժել է նրա լիցենզիան, ու դպրոցը կամ պետք է շտկի դա կամ խնդիրներ է ունենալու»,- հայտնել է նախարարը:

Ըստ Արայիկ Հարությունյանի` երկար տարիներ եղել են դպրոցներ, որոնք ունեցել են արտոնություններ:

«Մարդիկ կարողացել են որոշ դեպքերում նաև առանց արտոնագրի գործել դաշտում, և երբ համապատասխան կառույցները ցանկացել են ստուգումներ իրականացնել կամ հասկանալ ինչպես են աշխատում, միանգամից զանգ է եղել համապատասխան գրասենյակներ. ասել են՝ այդ դպրոցների հետ գործ չունենաք: Իշխանափոխությունից հետո համապատասխան վարչությունները, ստանալով մեր աջակցությունը, այդ հին բոլոր գործերը վերանայել են»:

«Այլևս որևէ մեկի կապերը այս դաշտում չեն աշխատելու, այս դաշտում աշխատելու է  բացառապես օրենքը, և որեւէ մեկը չի կարող իրեն դրանից վեր դասել»,- շեշտել է է նախարարը։

Նա հորդորել է նման խնդիրներ նկատելու դեպքում դիմել նախարարություն: