Հասարակություն
© Sputnik / Aram Nersesyan

Ինչպես շպարվել ամռանը, որ «դեմքը չլղոզվի»․ մասնագետի խորհուրդները

Ստանալ կարճ հղումը

Արևոտ Հայաստանը երբեմն անգութ է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հանդեպ, որոնք ուզում են տարվա ցանկացած եղանակին հիանալի տեսք ունենալ։ Sputnik Արմենիան պարզել է՝ ինչպես պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից ու երկար պահպանել շպարը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Շոգն ու արևի ճառագայթներն իսկական փորձություն են ինչպես դեմքի մաշկի, այնպես էլ շպարի համար։ Իսկ հիմա Հայաստանում ամռան ամենաթեժ օրերն են։ Երկրի շատ մարզերում օդի ջերմաստիճանը անցել է 40-ից։ Այսպիսի եղանակին, իհարկե, ավելի լավ է ընդհանրապես դուրս չգալ տնից, սակայն բոլորը չէ, որ իրենց կարող են այդպիսի շքեղություն թույլ տալ։

Դիմահարդար Հասմիկ Սարիբեկյանը խորհուրդ է տալիս ամառվա տապին շպարի հարցում նախընտրել մինիմալիզմը։

© Photo : provided by Hasmik Saribekyan
Հասմիկ Սարիբեկյան

«Սկզբում անհրաժեշտ է դեմքին խոնավեցնող քսուք քսել, հետո բազային քսուք, որը նպաստում է տոնայինի հավասարաչափ բաշխմանը։ Հետո արդեն պետք է տոնային հիմք քսել», — ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ է SPF-ֆիլտրերով քսուքներ օգտագործել՝ մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանելու համար։

Հասմիկը հորդորում է BB քսուք ընտրել, որն SPF-ֆիլտերի պարունակության շնորհիվ ամառն ավելի արդիական է։

«Կան  BB-քսուքներ, որոնք արևապաշտպանության ավելի ցածր տոկոս ունեն, կան, որ ավելի բարձր։ Ամառը պետք է ընտրել վերջինները։ Այդ տեսակը շատ թեթև է։ Դրանք շոգին շատ լավ են պահպանվում», — հավելեց դիմահարդարը։

Բացի այց, BB քսուքը միաժամանակ ունի և՛ տոնային, և՛ ցերեկային քսուքի հատկություններ․ այն շտկում է մաշկի գույնը, թաքցնում է փոքր թերությունները, խոնավացնում ու սնուցում է մաշկը։ Ինչ վերաբերում է  2018-ի ամառային միտումներին, ապա, մասնագետի խոսքով, շատ արդիական է արևայրուկի էֆեկտը։

«Արևայրուկի էֆեկտ կարելի է ստանալ հայլայթերի օգնությամբ, սակայն պետք է զգույշ լինել և չափը չանցնել։ Ցանկալի է բնական գույներ նախընտրել»,  —նշեց նա։

Հասմիկը խորհուրդ է տալիս շպարելիս խուսափել հստակ ընդգծումներից։

© Photo : provided by Hasmik Saribekyan
Հասմիկ Սարիբեկյան

«Թարթիչներն անհրաժեշտ է տուշով ընդգծել։ Հոնքերը կարելի է ընդգծել, բայց այնպես, որ դրանք մի փոքր անփույթ տեսք ունենան։ Սլաքները ցանկալի է ոչ այդքան հստակ լինեն։ Իսկ շրթներկը կարող է լինել ինչպես բնական, այնպես էլ մուգ գույների։ Շատ նորաձև տեսք ունի, օրինակ, օմբրեն», — ընդգծեց նա։

Մասնագետը խորհուրդ է տալիս շպարվելուց հետո ֆիքսատոր օգտագործել․ այն օգնում է երկար ժամանակ պահպանել շպարի դիմացկունությունը։

Ըստ թեմայի

Դիմահարդարման թագուհի Գոհար Ավետիսյանն ասել է` ինչու է հազվադեպ լուսանկարվում քրոջ հետ
Makeup-ի թագուհի Գոհար Ավետիսյանը վերափոխել է սկանդալային երգչուհի Օլգա Բուզովային
Գոհար Ավետիսյանին խաբել ու ստորացրել են ԱՄԷ–ում, դիմահարդարման թագուհին ապշած է
Քիմ Քարդաշյանի հետքերով. Զատիկին ընդառաջ Գոհար Ավետիսյանն իր մազերն է ներկել... վարդագույն