Հասարակություն
official site of the Yerevan municipality

Երևանի տոնին մասնակցում են քույր քաղաքների ներկայացուցիչները

Ստանալ կարճ հղումը

Սանկտ Պետերբուրգ, Մարսել, Ամման. Երևանի գործընկեր քաղաքների ղեկավարները հանդիպել են Երևանի քաղաքապետին, խոսել համագործակցության իրականացված ու պլանավորված ծրագրերից։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պաշտոնյաների հետ։

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից:

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի հետ հանդիպմանը Մարությանը հայտնել է, որ տեղյակ է Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին։

Քննարկվել են առևտրատնտեսական, ներդրումային բնագավառներում համագործակցության հեռանկարային ծրագրերը:

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետն ընդգծել է, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման լայն հնարավորություններ ունի:

«Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը միշտ մեծ սիրով է մասնակցում Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Համոզված եմ, որ այս տարի ևս Սանկտ Պետերբուրգ կվերադառնանք մեզ հետ տանելով 2800-ամյա Երևանի ջերմությունը: Երևանն իսկապես վստահելի գործընկեր է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար, և ես վստահ եմ, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա հարաբերությունների առավել սերտացման ու գործնական ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա տարիներին ևս հետևողական քայլեր կձեռնարկվեն», — ասել է Աննա Միտյանինան:

Մարությանը հանդիպում է ունեցել նաև Ամման քաղաքի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ

Մարությանը հանդիպում է ունեցել նաև Ամման քաղաքի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի և Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդյե Փարաքյանի հետ:

Հայկ Մարությանի հանդիպումը Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդյե Փարաքյանի հետ

Վերջինի հետ Երևանի քաղաքապետը քննարկել է Երևանի ու Մարսելի 26-ամյա համագործակցությունն ու երկու քաղաքների միջև կնքված համագործակցության համաձայնագրով իրականացվող ծրագրերի ընթացքն ու անելիքները:

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Ըստ թեմայի

Հայկ Մարությանի մասնակցությամբ հեծանվավազը մեկնարկեց. տեսանյութ