Հասարակություն
© Sputnik / Armenuhi Mkhoyan

Շիրակում իրականացվում է ականային վտանգի մասին իրազեկման ծրագիր

Ստանալ կարճ հղումը

Թեև Հայաստանում ականով ու չպայթած զինամթերքով աղտոտված տարածքներ կան հանրապետության միայն 4 մարզերում՝ Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ, ընդհանուր 121 վտանգված տարածք, սակայն ականի հետևանքով քաղաքացիների մահվան վերջին դեպքը գրանցվել է Շիրակում՝ 2013 թվականի ապրիլի 4-ին, մարզի Վահրամաբերդ համայնքում, երբ պայթյունի հետեւանքով 11 և 12 տարեկան տղաներ զոհվեցին:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Շիրակի մարզում առկա է  չպայթած զինամթերքի խնդիր: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնդիրը առկա է դեռ ԽՍՀՄ ժամանակաշրջանից: Չպայթած  զինամթերքի  պայթյունի հետևանքով զոհեր  գրանցվել են ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ մեր  օրերում:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» պլանավորել է իրականացնել 102–րդ ռազմաբազայի հարակից տարածքների ականազերծում, և մինչ այդ աշխատանքների մեկնարկը, քանի որ այդ համայնքների բնակիչները մուտք ունեն տվյալ տարածքներ, անցկացվելու է ականային վտանգի իրազեկում, որի ընթացքում կկարևորվի հատկապես երեխաների ծանոթացումը ականային վտանգի կանոններին:

Նախաձեռնությունը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ինն է, որին  միացել է նաև  102-րդ ռազմաբազան: Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ: Սա  համատեղ իրականացվող նմանատիպ առաջին ծրագիրն է:

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վահրամաբերդի մշակույթի տանը նախաձեռնող խումբը հանդիպեց հարակից գյուղերի բնակիչների հետ
Մինչ ռազմաբազայի «Կամխուդ» հրաձգարանին հարակից  6 համայնքների՝ Վահրամաբերդ, Մարմաշեն, Կապս, Հովհունի, Մայիսյան և Առափի, դպրոցներում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները հանդիպումներ կունենան  դպրոցականների հետ՝ ներանց ներկայացնելով չպայթած զինամթերք պարունակող տարածքների վտանգը և կանցկացվեն պրակտիկ պարապմունքներ, Վահրամաբերդի  մշակույթի տանը  նոյեմբերի 27-ին նախաձեռնող խումբը հանդիպեց հարակից գյուղերի բնակիչների հետ:

Հանդիպմանը ներկա էին ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Նաումենկոն, ՌԴ դեսպանատան կցորդի օգնական Սերգեյ Պլոտնիկովը և Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:

«Շիրակում կա խնդիրը, քանի որ  Շիրակում կա  ռազմաբազա և բազային  հարակից տարածքում կա 6 գյուղ: Մենք որոշեցին ականային վնասազերծման դասընթացներ անցկացնել այդ համայնքների համար և ՌԴ դեսպանատան հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որպեսզի ռազմաբազայի զորավարժանքների տարածքների մոտ գտնվող համայնքներում ռազմաբազայի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ ականային վտանգի իրազեկման դասընթացներ իրականացվեն»,-նշեց  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ականից տուժած անձանց գծով ավագ մասնագետ Գայանե Սիմոնյանը:

Նա հավելեց, որ ռուսական ռազմաբազան իրենք չեն դիտարկում որպես ականապատված տարածք, այլ որպես աղտոտված տարածք, թեև ուսումնավարժանքների ժամանակ կարող են դրվել ականներ, կարող է նաև լինել չպայթած զինամթերք: Օգտվելով առիթից, բնակիչները  ռազմաբազայի հրամանատարի տեղակալին հարցրեցին հրաձգարանի տարածքում ուսումնասիրվածներից հետո մնացած չպայթած զինամթերքի մասին:

Գնդապետ Նաումենկոն փաստեց՝  այդ տարածքները ռազմաբազան վարձակալում է ՀՀ ՊՆ-ից:

«Կամխուդ զորավարժարանը գործում է դեռ խորհրդային տարիներից: Սա ՀՀ ՊՆ-ին  պատկանող տարածք է և ՌԴ  ԶՈւ-ն  վարձակալում է այս տարածքը և մենք այստեղ վարժանքներ ենք  անցկացնում: Այս տարածքները փակ են և քաղաքացիների մուտքն այս տարածք արգելված է: Կան արգելող ցուցանակներ 2 լեզուներով: Այնպես որ սա հրաձգարանի տարածք  է և ուսումնական վարժանքների ընթացքում, տեխնիկապես, հնարավոր  է, որ լինի չպայթած զինամթերք: Յուրաքանչյուր վարժանքից հետո մենք  կատարում ենք տարածքի մաքրում: Այնպես որ անհրաժեշտ է ոչ միայն արգելել անսուններին այս տարածքում արածացնելը, այլ նաև մարդկանց մուտքը»,-իր խոսքում նշեց հրամանատարի տեղակալը:

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Կամխուդի զորավարժարան
Սակայն նա փաստեց, որ կան քաղաքացիներ, որ ամեն դեպքում, տարբեր պատճառներով՝ մնացած զինամթերքի, մետաղի հավաքման կամ տարածքում անասունն արածացնելու համար, անցնում են տարածք՝ ինչը շատ վտանգավոր է:

Գնդապետը կրկին խորհուրդ տվեց մեծահասակներին՝ արգելել երեխաներին անցնել այդ տարածքները, որպեսզի չվտանգվի նրանց կյանքը:

Համայնքի  անդամները  ներկայացրեցին նաև ցանքատարածություններով տանկերի  շարժը բացառելու ու հատուկ երթուղի մշակելու հարցը: Ռազմաբազայի պատասխանատուն վստահեցրեց՝ մինչ Կամխուդ  տանկերի շարժի երթուղին այսուհետ կքննարկվեն համայնքների ղեկավարների հետ: Խոստում եղավ նաև այսուհետ չպայթած զինամթերքը պայթեցնել փոքր քանակներով, քանի որ մեծ քանակի պայթեցման դեպքում տուժում է հարակից Կապսի դպրոցը:

Ըստ թեմայի

Հիացմունք «Էրեբունի» ավիաբազայի երկնքում. ռուսական «Ստրիժիները» շնորհավորեցին երևանցիներին
Ինչպե՞ս է ապրում 102–րդ ռազմաբազան ու ինչ սպառազինություն ունի. բաց դռների օր էր բազայում
Մեդալներ, պարգևներ, բարձրաստիճան հյուրեր. Հայ-ռուսական միացյալ զորախումբը 18 տարեկան է
Ինչ զինանոց է Հայաստանը կուտակել Ռուսաստանի հետ համագործակցությամբ. համեմատություն` թվերով
Հայ խոհարարները չեն թողնում, որ Գյումրիում ծառայող ռուս զինվորները կարոտեն տնական ճաշերը