Հասարակություն
© Photo / official site of the President of RA.

Ինչպե՞ս կառավարել միջուկային վառելիքն ու թափոնները. ՀՀ նախագահը Ճապոնիայում է

Ստանալ կարճ հղումը

Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը նշել է, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն և հանդիպել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Աշխարհում շատ չեն այն երկրները, որոնք ունեն նոու հաու և գիտելիքներ միջուկային էներգիայի և դրա կառավարման, միջուկային անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ: Ճապոնիան այդ քիչ երկրներից մեկն է,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։

ՀՀ նախագահը նշել է, որ հարցը մեր երկրի համար շատ զգայուն է. Հայաստանը, ինչպես Ճապոնիան, ունի ատոմային էլեկտրակայան, և խնդիրը շարունակում է մնալ նույնը՝ ինչպե՞ս կառավարել միջուկային վառելիքը և միջուկային թափոնները:

Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարն էլ ասել է, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել։ Նա ասել է, որ պատրաստ են այլ երկրների գործընկերների հետ կիսել Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարի արդյունքում քաղված գիտելիքներն ու դասերը, մասնավորապես, ատոմակայանների անվտանգության բարձրացման հետ կապված փորձը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև բնական աղետներից պաշտպանվելու հնարավորություններին, միջուկային անվտանգության կարգավորումներին, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրներին վերաբերող այլ հարցերի։ Նախագահ Սարգսյանը կարևորել է բնական աղետների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Կողմերը պայմանավորվել են ոլորտի մասնագետների փոխայցելությունների ու փոխանակման ծրագրերի շուրջ։

Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալությունը կառավարությանն առընթեր մարմին է, որը գործում է 2012 թվականից: 

Ճապոնիայի կառավարության հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 19-ին մեկնել էր Տոկիո՝ մասնակցելու Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը:

Ըստ թեմայի

Մենք իսկապես հասկանում ենք ժողովրդի ձայնի կարևորությունը. Արմեն Սարգսյանը` Սերբիայում
Սերբիայի պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը
Մեր բարեկամությունն ամրապնդել են մեր նախնիները. ՀՀ նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետին
Նախագահ Սարգսյանին հրավիրել են մասնակցելու Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը