ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Armenia Airways–ը որոշել է մասնակի սահմանափակել Հայաստանից դեպի Իրան թռիչքները։ Ընկերության Facebook սոցիալական ցանցի էջում նշված է, որ այս շաբաթ միայն երկու թռիչք կիրականացվի` կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների հետ կապված։
«Մեր թռիչքներն այս շաբաթ կիրականանա չորեքշաբթի և ուրբաթ օրը»,–նշված է հայտարարության մեջ:
Ընկերության նախատեսված նոր երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողներ:
Հիշեցնենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն երեկ հայտնել էր` ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել ՀՀ–ից դեպի Իրան օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից։
Մասնավորապես Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ հայաստանաբնակ քաղաքացիները։
Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել ՀՀ 35 քաղաքացի
Նշենք, որ COVID-2019 կորոնավիրուսն արդեն տարածվում է ոչ միայն Չինաստանում, որտեղ գրանցվել է առաջին բռնկումը, այլև երկրի սահմաններից դուրս: Վարակման դեպքեր են գրանցվել նաև Հայաստանի հարևան Իրանում։ Վերջին տվյալներով ՝ Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 47-ի, իսկ զոհերի թիվը` 12-ի:
Խաչատրյան. «Իրանի հետ սահմանի փակումը տեղին ու ժամանակին ընդունված որոշում է»