Սպորտ
ARMNOC

Ռիոյի կիզիչ արևի տակ կամ հայերը ձգտում են հաղթանակի

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի օլիմպիական հավաքականը Ռիո դե Ժանեյրո է մեկնում հաղթելու մեծ ցանկությամբ։ Օլիմպիական 31-րդ խաղերում Հայաստանը կներկայացնի 33 մարզիկ։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Երկար սպասված օլիմպիական խաղերին հաշված օրեր են մնացել։ Օգոստոսի 5-ին «Մարականա» լեգենդար մարզադաշտում տեղի կունենա խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանը ներկայացնող մարզիկների առաջին խումբը հուլիսի 25-ին մեկնեց Ռիո դե Ժանեյրո։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական խաղերին կմասնակցի 33 մարզիկ։ Հայ օլիմպիականները կմրցեն ութ մարզաձևում` թեթև ատլետիկա, բռնցքամարտ, ըմբշամարտ, լող, ծանրամարտ, հրաձգություն, ձյուդո, մարմնամարզություն։

Անցյալն ու ներկան

Հատկանշական է, որ առաջին հայ օլիմպիական մարզիկը թագավոր է եղել։ Հեռավոր 281թ-ին Տրդատ 3-րդ Արշակունին Հունաստանում դարձել է 256-րդ խաղերի օլիմպիական չեմպիոն։ Նրա հետնորդը` Վարազդատ Արշակունին, այդ պատվավոր կոչումը նվաճել է 385թ-ին 291-րդ օլիմպիադայում։

Սպորտի զարգացման բուռն շրջանը սկսվել է 20-րդ դարի սկզբին։ Հրանտ Շահինյանը դարձել է առաջին հայ մարմնամարզիկը, որը ԽՍՀՄ հավաքականի կազմում 1952թ-ին ոսկե մեդալ է նվաճել Հելսինկիի օլիմպիական խաղերում։ Նրան հաջողվել է նվաճել երկու ոսկե և երկու արծաթե մեդալ օղակներով վարժությունում և թիմային առաջնությունում։

Անկախ Հայաստանը ներկայացնող մարզիկները 13 անգամ դարձել են օլիմպիական մրցանակակիրներ։ Այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականին ոսկի է պարգևել միայն հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը 1996թ-ին։

Տարբեր տարիներին ԽՍՀՄ-ի կազմում օլիմպիական խաղերի հաղթող են դարձել Հայաստանի այլ ներկայացուցիչներ, մասնավորապես` մարմնամարզիկներ Ալբերտ և Էդուարդ Ազարյանները, հնգամարտիկ Իգոր Նովիկովը, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը, թեթևատլետ Ֆայինա Մելնիկը, ծանրորդներ Յուրի Վարդանյանը, Օգսեն Միրզոյանը, Իսրայել Միլիտոսյանը, ըմբիշներ Լևոն Ջուլֆալակյանը և Մնացական Իսկանդարյանը։

Սպորտային ապագան

Վերջին տարիներին Հայաստանում սկսել են նաև մեծ ուշադրություն դարձնել մարզական նոր հարթակների ստեղծմանը։

2015թ-ի դեկտեմբերին Երևանում պաշտոնապես բացվեց օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի տասնակի չեմպիոն և ԽՍՀՄ վեցակի չեմպիոն Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը։

2014թ-ին Հայաստան այցելեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիքին։ Վերջինը նշեց, որ Հայաստանն այսօր իսկապես կարող է հպարտանալ իր մարզիկներով։

Այսօր Հայաստանում տարածված և զարգացող մարզաձևեր են խառը մարտարվեստները, շախմատը, ֆուտբոլը, ծանրամարտը, բռնցքամարտը, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտը, ձյուդոն։

Պետք է նշել, որ շատ հայ մարզիկներ ուրույն տեղ են զբաղեցնում սպորտային աշխարհում։ Նրանց թվում են ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Շատ հեռանկարային երիտասարդ մարզիկներ կան, որոնք քայլ առ քայլ մոտենում են իրենց նպատակին։

Ակնհայտ է, որ Ռիո մեկնած 33 մարզիկներից յուրաքանչյուրը ցանկանում է կանգնել օլիմպիական պատվանդանին։ Չէ՞ որ կարևորը ոչ թե մասնակցությունն է, այլ հաղթանակը։