Սպորտ
© Sputnik / Ani Mejlumyan

Ռիոյի օլիմպիադայում մեդալների հաշվարկով Հայաստանը 42-րդ տեղում է

Ստանալ կարճ հղումը

31-րդ ամառային օլիմպիական խաղերն ավարտված են: Ռիո դե Ժանեյրոյում նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ուժեղագույն մարզիկները պայքարում էին լավագույնի կոչման համար:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալը նվաճեց: Հայաստանը 20 տարվա դադարից հետո կրկին օլիմպիական չեմպիոն ունի, նշում են ՀԱՕԿ-ից:

Անկախ Հայաստանը կարող էր ունենալ նաև oլիմպիական խաղերի 3-րդ չեմպիոնը, սակայն մրցավարության կոպիտ և կողմնակալ որոշումը զրկեց 66 կգ քաշային Միհրան Հարությունյանին պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու բերկրանքից:

Մրցավարների խայտառակ որոշմամբ` օլիմպիական ոսկին տրվեց սերբ ըմբիշին: Հարությունյանը ստացավ օլիմպիական արծաթը:
105 կգ քաշային ծանրորդների պայքարում պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 417 կգ արդյունքով դարձավ Խաղերի արծաթե մեդալակիր:

Ծանրորդներից Գոռ Մինասյանը (105+ կգ) ևս դարձավ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցել էր 451 կգ արդյունք:

Ազատ ոճային ըմբիշ Լևան Բերիանիձեն շատ մոտ էր օլիմպիական բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն բավարարվեց միայն 5-րդ տեղով: Հայաստանի օլիմպիական հավաքականի մեկ այլ ծանրորդ` գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանն ընդամենը մեկ քայլ հետ մնաց պատվո հարթակից:

Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանը 206 երկրների շարքում զբաղեցնում է 42-րդ տեղը: