ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Պրեմիեր լիգայի առավել հեղինակավոր ֆուտբոլիստների տասնյակում, որը կազմել է Metro հրատարակությունը։
«Հաշվի առնելով, որ սկսվել է սեզոնը, մեզանից ոչ բոլորը կարող էին կանխատեսել, որ ակումբի համար 27 միլիոն ֆունտ արժեցած Մխիթարյանը կարող է դժվարություններ ունենալ Ժոզե Մաուրինյոյի թիմի մեկնարկային կազմում հայտնվելու հարցում` Խուան Մատայի պատճառով։ Սակայն հենց նման իրավիճակում հայտնվեց Մխիթարյանը»,- գրում է հրատարակությունը։
Միաժամանակ նշվում է, որ «Սաութհեմփթոնի» դեմ խաղի վերջին 15 րոպեների ընթացքում հայ կիսապաշտպանը հետաքրքիր խաղ ցուցադրեց (նա փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին — խմբ.)։
Հրատարակությունը կատակով նշում է, որ Մխիթարյանը ներառվել է տասնյակում նաև զվարճալի երգի շնորհիվ, որը նրա համար հորինել են «ՄՅՈՒ»-ի երկրպագուները։
Մխիթարյանն ամռանը տեղափոխվեց անգլիական ակումբ գերմանական «Բորուսիայից», նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չորս տարվա պայմանագիր է կնքել` մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։