Սպորտ
© CC0 / PDPics / Basketball

Հայ բասկետբոլիստները կխաղան Երևանում անցկացվող ընկերական մրցաշարում

Ստանալ կարճ հղումը

Երևանում միջազգային մրցաշար կանցկացվի, որին կմասնակցի 4 հավաքական։ Այս մասին հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Հուլիսին Երևանում նախատեսվում է ընկերական մրցաշար անցկացնել` 4 երկրի մասնակցությամբ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտնում է, որ այս մասին ասել է Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը

«Բանակցում ենք մի շարք հավաքականների հետ: Այս պահին մի քանիսը նախնական հաստատել են իրենց մասնակցությունը: Հիմա սպասում ենք վերջնական հաստատմանը: Սա նաև լավ հնարավորություն է երկրպագուների հետ շփման, ինչպես նաև մարզաձևի մասսայականացման համար»,-նշել է Նազարյանը:

Նա խոսել է նաև Բասկետբոլի աշխարհի առաջնության մասին` տեղեկացնելով, որ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլին կմասնակցի նոր մարզչի` Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ:

«Նիկշա Բավցևիչը մեծ փորձ ունի և՛ ակումբային, և՛ հավաքականի մակարդակով: Բավական է նշել, որ նրա գլխավորությամբ Խորվաթիայի երիտասարդական հավաքականը Եվրոպայի չեմպիոն է դարձել: Դա շատ լուրջ արդյունք է:

Մարզիչը լավ ծանոթ է հայկական բասկետբոլին: Բավցևիչի գործակալն ազգությամբ հայ Սևակ Կեուչյանն է: Արդեն մեկ տարուց ավելի է Կեուչյանը մեր ֆեդերացիայի հետ անմիջական աշխատում է»,- ասել է Նազարյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ մարզիչը բասկետբոլիստների հետ կծանոթանա ամռանը: Հուլիսին ազգային թիմը կսկսի պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին.

«Բավցևիչն անընդհատ կապ է պահում բոլոր խաղացողների հետ: Նա ունի ընդլայնված կազմ, վերջում կկատարի ընտրություն: Մի շարք նոր բասկետբոլիստներ կան, որոնց մարզիչը հետևում է և առաջիկայում կհրապարակի կազմը: Բնականաբար, հավաքականը պայքարելու է խմբից դուրս գալու համար: Ազգային թիմն ամբողջ նախապատրաստական փուլը կանցկացնի Երևանում: Հավաքին կմասնակցի 12-16 բասկետբոլիստ:

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են` Բոսնիան, Սլովակիան և Շվեդիան: Ընտրական փուլը կմեկնարկի օգոստոսի 2-ին:

Русская версия