Սպորտ
© Sputnik / Максим Богодвид

Նովի Սադում ՝բրոնզե հավակնություններով

Ստանալ կարճ հղումը

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականի կազմում այսօր մրցագորգ դուրս եկան 61 կգ քաշային Վոլոդյա Ֆռանգուլյանը և 74կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Հայ ըմբիշները հաղթանակով սկսեցին իրենց ելույթները: Ֆռանգուլյանն առաջին գոտեմարտում առավելության հասավ սլովակ Միկոլա Բոլոտնյուկի նկտամամբ, իսկ Գրիգորյանը իրար հետևից երկու հաղթանակ տոնեց նախ՝ ավստրիացի Ամիրխան Վիսալիմիովի, ապա լեհ Անջեյ Սոկալսկիի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչում շատ համառ պայքար ստացվեց Գրիգոր Գրիգորյանի ու վրացի Ավթանդիլ Քենթչաձեյի միջև: Հաջողությունը ուղեկցեց մեր ըմբիշին ու հաղթելով 5:4 հաշվով՝ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ: Իր հերթին հաղթանակի հասավ նաև Վոլոդյա Ֆռանգուլյանը, որի գրոհների դեմ ոչինչ չկարողացավ անել բուլղարացի Դիմիտար Լյուբոմիրով Իվանովը:

© Sputnik / Владимир Баранов

Կիսաեզրափակչում հաղթանակը մեր տղաներին առնվազն ապահովում էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը: Առաջինը մեր ըմբիշներից գորգ դուրս եկավ Վոլոդյա Ֆռանգուլյանը: Ցավոք, եզրափակիչ դուրս գալ չհաջողվեց: Ֆռանգուլյանը 1:11 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ախմետ Չակաևին:

Գրիգոր Գրիգորյանի մրցակիցը Ռիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի գործող չեմպիոն՝ թուրք Սոներ Դեմիրթաշն էր: Գրիգորյանը արժանի մրցակից էր ու մինչև վերջ պայքար մղեց հաղթանակի համար, բայց պարտվեց 6:8 հաշվով: Այդպիսով, մեր երկու ըմբիշներն էլ երեկոյան մրցահերթում կպայքարեն բրոնզե մեդալի համար:

Վաղն արդեն պայքարի մեջ կմտնեն վերջին երկու քաշային կարգերի ըմբիշները: Հայաստանը 70 կգ քաշային կարգում ներկայացնելու է Վալտեր Մարգարյանը և գերծանր քաշային կարգում հանդես կգա Լևան Բերիանիձեն: