Սպորտ
Федерация Футбола Армении

Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն Մոսկվայում է

Ստանալ կարճ հղումը

Օգոստոսի 31-ին Եվրոպայի 2019 թվականի առաջնության խմբային ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցակցի հարկի տակ իր երկրորդ հանդիպումն է անցկացնելու`խաղալով Ռուսաստանի հասակակիցների հետ:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Հայաստանի երիտասարդական հավաքականը խմբային փուլում մեկ հանդիպում անցկացրել է` հաղթանակ տանելով Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ, իսկ ահա Ռուսաստանի երիտասարդական ընտրանին առաջին հանդիպումն է անցկացնելու:

Մեր հավաքականն այսօր արդեն մեկնել է Մոսկվա: Հանդիպումն անցկացվելու է «Լոկոմոտիվ» (այժմ կոչվում է «ՌԺԴ  արենա») մարզադաշտում:

Մեզ, բնականաբար, նախ և առաջ հետաքրքրում է Հայաստանի հավաքականի կազմն ու հրավիրված ֆուտբոլիստների վիճակը: Արթուր Ոսկանյանի թիմն այսօր կանցկացնի նախախաղային մարզում։ Բայց մարզիչը չի կարողացել մարտական ամբողջ կազմով ներկայանալ, քանի որ վնասվածքների պատճառով բացակայում են Էրիկ Վրադանյանն ու Պետրոս Ավետիսյանը: Նման իրավիճակում մեր հավաքականին հարկավոր է առաջատար, բայց արդյո՞ք կա նման ֆուտբոլիստ թիմում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը համարում է, որ մեր երիտասարդական ընտրանին հավասարապես բալանսավորված թիմ է. «Մեր թիմում ներկայումս ընդգծված առաջատար չկա: Կարելի է ասել, որ թիմային ոգին է գերիշխում: Շատ լավ հասկանում ենք, որ ուժեղ մրցակցի հետ ենք խաղալու։ Ինչպես և Ռուսաստանի թիմի համար, մեզ համար էլ այս խաղը շատ կարևոր նշանակություն ունի: Կձգտենք հասնել լավ արդյունքի»,– Sputnik Արմենիային ասել է Ոսկանյանը:

Բնականաբար, ֆավորիտն այս մրցավեճում համարվում է Ռուսաստանի հավաքականը: Նախ, մրցակիցը խաղում է սեփական հարկի տակ, բացի դա ռուսների կազմում կան բավականին փորձառու ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Առանձնացնենք ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովին, որը բանակայինների կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի բոլոր խաղերին:

Խաղից առաջ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ Մոսկվայի «Արարատ» ակումբը: Պարզվում է, որ Ռուսաստան-Հայաստան երիտասարդական հավաքականների խաղի համար տոմսեր չեն վաճառվելու, այլ լինելու են հրավիրատոմսեր:

Մոսկովյան «Արարատի» ղեկավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ՌՖՄ(Ռուսաստանի ֆուտբոլային միություն) հետ, և հրավիրատոմսեր կբաժանի` այդ թվում նաև մեր թիմի երկրպագուներին:

Ավելացնենք, որ մեր հավաքականի կազմում հրավիրված խաղացողներից Արթուր Ոսկանյանը առանձնացրեց  «Փյունիկի» ֆուտբոլիստներին, որոնք խաղային պրակտիկայի պակաս չունեն: Իսկ ահա «Բանանցից» հրավիրված ֆուտբոլիստների մոտ այդ բացը զգացվում է: «Անկախ ամեն ինչից, մենք ամեն ինչ արել ենք թիմին առաջիկա խաղին լավ նախապատրաստելու համար: Թե ինչ կստացվի ցույց կտա խաղը»,– նշեց Արթուր Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում: