Սպորտ
© Sputnik / Алексей Филиппов

Իզուր էր պարում հայկական հիթի ներքո. աստղային հարձակվողը լքեց «Արարատը»

Ստանալ կարճ հղումը

Մոսկվայի «Արարատ» ակումբը խզեց պայմանագիրը 2006 ու 2007 թվականների պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու Ռոման Պավլյուչենկոյի հետ` փոխհամաձայնությամբ:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն լքում է Մոսկվայի «Արարատը»: Ակումբի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ:

«Արարատը» Ռոմանին շնորհակալություն է հայտնում ակումբի կայացման ու ճանաչման գործում անգնահատելի ներդրման, կարևոր ու գեղեցիկ գոլերի, փորձի, առաջադիմելու ձգտման համար, որը երիտասարդ ֆուտբոլիստները ստացան մեծ վարպետի հետ աշխատելիս»,- ասվում է «Արարատ» ակումբի հայտարարությունում:

 

Միևնույն ժամանակ, ինքը` Պավլյուչենկոն, գրել է. «Մշտապես աջակցելու և անհանգստանալու եմ «Արարատի» համար: Ակումբի ղեկավարությունը և ես որոշում ենք կայացրել իմ պայմանագիրը խզելու վերաբերյալ երկկողմ համաձայնությամբ: Ուզում եմ ներողություն խնդրել երկրպագուներից, թիմակիցներից և բոլոր նրանցից, ովքեր ստեղծել են ու առնչություն ունեն «Արարատի հետ», մամուլում բարձրացրած այն անիմաստ աղմուկի համար, որը վերջին օրերին առաջացավ իմ անձի շուրջ: Ամեն ինչ տեղի էր ունեցել տարրական չհասկացվածության պատճառով: Այժմ բոլոր վիճահարույց հարցերը կարգավորվել են, և իմ ու ակումբի միջև այլևս ոչ մի խնդիր չկա: Մենք բաժանվում ենք որպես լավ բարեկամներ»:

Հարձակվողը նշեց, որ «Արարատում» անցկացրած ժամանակը յուրահատուկ էր ու արտասովոր: Նա համոզմունք հայտնեց, որ շուտով «Արարատը» մեծ բարձունքների կհասնի:

Պավլյուչենկոն այնքան էր մտերմացել հայերի ստեղծած «Արարատ» ակումբի հետ, որ նույնիսկ պարում էր հայկական հիթի տակ:

Ավելի վաղ հայտնում էին, որ «Արարատը» Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին մեղադրել էր առանց ակումբի թույլտվության արձակուրդի մեկնելու մեջ: Դա ակումբում առաջացած առաջին սկանդալը չէ վերջին տարվա ընթացքում: Ակումբը լքել էր նախագահ Վալերի Հովհաննիսյանը, այնուհետև գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:

Մոսկվայի հայ երիտասարդության աջակցությամբ ստեղծած «Արարատ» ակումբի կազմը համալրվեց 2017 թվականի  ամռանը: Ակումբի կազմում Պավլյուչենկոն 12 խաղ է անցկացրել:

«Արարատ» ակումբի ստեղծման գաղափարը գոյություն ունի 2011 թվականից, սակայն այն կյանքի կոչել հաջողվեց միայն 2017 թվականի մարտի վերջին: