Սպորտ
© REUTERS / Amr Abdallah Dalsh

Ռոնալդուի գոլը «Ռեալին» դարձրեց աշխարհի ակումբային առաջնության հաղթող

Ստանալ կարճ հղումը

Աշխարհի ակումբային 2017թ. առաջնության եզրափակչում Մադրիդի «Ռեալը» ուժերը չափեց «Գրեմիոյի» հետ:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Մադրիդի «Ռեալի» և «Գրեմիոյի» ամբողջ խաղի ընթացքում «սերուցքայիններն» ունեին առավելություն: Առաջին խաղակեսի մի շարք գրոհներն այդպես էլ չտվեցին իրենց ցանկալի արդյունքը, գրում է armsport.am-ը։

Երկրորդ խաղակեսն «արքայական» ակումբի ֆուտբոլիստներն ավելի արդյունավետ սկսեցին: 53-րդ րոպեին տուգանային հարված նշանակվեց բրազիլական ակումբի դարպասին: Տուգանային հարվածը իրացրեց Քրիշտիանու Ռոնալդուն, ով, գնդակն անցկացնելով պատ կանգնած ֆուտբոլիստների միջով, բացեց խաղի հաշիվը:

Քրիշտիանուի այս գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» և մադրիդյան ակումբը նվաճեց աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի կոչումը:

Պորտուգալացին իր 7-րդ գոլը խփեց այս մրցաշարում, որը լավագույն ցուցանիշն էր մրցաշարի ամբողջ պատմության մեջ:

«Ռեալը» դարձավ միակ ակումբը, որն այս մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ: Ընդհանուր առմամբ, սա մադրիդցիների համար աշխարհի ակումբային առաջնության երրորդ գավաթն էր: Այս ցուցանիշով մադրիդյան ակումբը հավասարվեց կատալոնական «Բարսելոնային»: