Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Մխիթարյանը «հարվածի» տակ. Թուրքական «Բեշիքթաշը» հետաքրքրված է հայ ֆուտբոլիստով

Ստանալ կարճ հղումը

Երբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ջոզե Մոուրինիոն ակնարկել է, որ այլևս Մխիթարյանին չի տեսնում իր թիմում, «Բեշիքթաշի» ղեկավարությունը հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձեր է անում։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա «աչք է դրել»: Նման հրապարակմամբ է հանդես եկել թուրքական «Kanalahaber» լրատվական կայքը, գրում է ermenihaber.am–ը:

Աղբյուրի պնդմամբ՝ ակումբի խաղացողներից բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Թալիսկայի հետ պայմանագիրը շուտով ավարտվում է, և ակումբը ցանկություն ունի նրան փոխարինել Մխիթարյանով:

Կայքի բնորոշմամբ` այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ջոզե Մոուրինիոն ակնարկել է, որ այլևս Մխիթարյանին չի տեսնում իր թիմում, «Բեշիքթաշի» ղեկավարությունը հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «գործի է անցել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինիոն հայտարարել էր, որ  «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուկ Շոուին:

«Կարծում եմ՝ արդեն հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի առաջարկներ Մխիթարյանի և Շոուի վերաբերյալ, եթե լավ գին լինի: Այդպիսին է իմ մոտեցումն այն դեպքերում, երբ ակումբն ինձ որևէ բան է առաջարկում խաղացողների վաճառքի հարցով: Ամեն ֆուտբոլիստ ունի իր արժեքը: Եթե խաղացողը երջանիկ չէ թիմում ու խնդրում է վաճառել իրեն այն գնով, որն ընդունելի կլինի ակումբի համար, ապա ես չեմ կարող մերժումով պատասխանել: Անցյալում այդպես է եղել Դեպայի և Շնեյդերլինի դեպքում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Նշենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Դորտմունդի «Բորուսիան» ու Միլանի «Ինտերը»: