Սպորտ
© Sputnik / Aram Nersesyan

Մխիթարյանը համաձայն է «Ինտեր» տեղափոխվել. ԶԼՄ

Ստանալ կարճ հղումը

Դեռ հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով Մխիթարյանը կտեղափոխվի «Ինտեր»` վարձակալության իրավունքո՞վ, թե՞ մշտական հիմունքներով։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Միլանի «Ինտերի» թրեյդերները կապ են հաստատել Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինա Ռայոլայի հետ, գրում է Fotball Itali–ն։ Ավելին` պարբերականի տվյալների համաձայն` Մխիթարյանն էլ իր հերթին «կանաչ լույս է վառել» «Ինտերի» համար։

Fotball Italia–ն հղում է արել Corriere dello Sport իտալական ազդեցիկ պարբերականի երկուշաբթի օրվա համարին` գրելով, որ «Ինտերը» «ջանում է հունվարին Մխիթարյանի վերաբերյալ պայմանագիր ստորագրել և արդեն կապ է հաստատել նրա գործակալի հետ»։

Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե ինչ կարգավիճակով Մխիթարյանը կտեղափոխվի «Ինտեր»` վարձակալության իրավունքո՞վ, թե՞ մշտական հիմունքներով։

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն ավելի վաղ հայտարարել էր, որ լավ գումարի դիմաց պատրաստ է հրաժարվել Մխիթարյանից։

«Ճիշտ գումարի դիմաց ամեն ինչ հնարավոր է։ Այսպիսին է իմ մոտեցումը` որպես մենեջեր։ Ցանկացած խաղացող իր գինն ունի։ Եթե խաղացողը երջանիկ չէ ակումբում, և տրանսֆերի արժեքը բավարար համարենք, ինչպես եղավ Դեպայի և Շնեյդերլինի դեպքում, ես երբեք «ոչ» չեմ ասի», – ասել է Մոուրինյոն։

Բրիտանական The Mirror–ը գրել է, որ Մոուրինյոն պատրաստ է ազատվել Հենրիխ Մխիթարյանից` նրա փոխարեն «Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի հետ պայմանագիր կնքելու համար։