Սպորտ
Oli SCARFF / AFP

Մոուրինյոն դեռ մտածում է. Հենրիխ Մխիթարյանը խաղաց մեկնարկային կազմում

Ստանալ կարճ հղումը

Հենրիխ Մխիթարյանի այլ ակումբ տեղափոխվելու մասին խոսում են գրեթե բոլորը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում խաղալը նոր մտորումների առիթ է տալիս:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Անգլիական Պրեմիեր լիգայում կայացան 21-րդ տուրի հանդիպումները, և այսօր` դեկտեմբերի 30-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Սաութհեմփթոնի» հետ: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղի հանդիպման մեկնարկից ու փոխարինվեց խաղի ավարտից 25 րոպե առաջ:

Անկեղծ ասած, այս հանդիպումը մեր հավաքականի առաջատարի համար չի կարելի դասել լավագույնների շարքը: Հենրիխի մոտ ոչ միշտ էին ստացվում նախևառաջ լայնակի կամ երկար փոխանցումները, ինչի պատճառով դաշտի տերերի գրոհը զարգացում չէր ստանում: Երևում է, որ Մխիթարյանը լավ մարզավիճակում չէ: Բայց դե պարզ է, թե ինչու: Երկար ժամանակ մնալով պահեստայինների նստարանին կամ մարզչի հայտացուցակից դուրս` հայ ֆուտբոլիստը չէր էլ կարող լավ մարզավիճակում լինել:

Դրան գումարած այն, որ հոգեբանորեն էլ Հենրիխը կարող է որոշակի ընկճվածություն ունենալ: «Սաութհեմփթոնի» հետ խաղադաշտ դուրս գալն առաջին իսկ վայրկյաններից երկու բան կարող է նշանակել: Կա՛մ Մոուրինյոն պարզապես դիմում է ռոտացիայի` ֆուտբոլիստներին վերականգնվելու հնարավորություն տալով, կա՛մ էլ Ժոզեն նորից մտածում է Հենրիխին թիմում պահելու մասին:

Իհարկե, նման պայմաններում իրականությանն ավելի մոտ է առաջին տարբերակը, բայց երկրորդն էլ բացառել չի կարելի: Մխիթարյանի նկատմամբ մի շարք ակումբների կողմից հետաքրքրությունը գուցե Մոուրինյոնին ստիպել է վերանայել Հենրիխի հետ կապված իր որոշումը:

Հունվարի տրանսֆերային պատուհանը շատ մոտ է բացվելուն: Ու թե ինչ կա Մոուրնյոյի մտքում, կիմանանք շատ շուտով: Սակայն ինչ էլ ուզում է լինի, Մխիթարյանը մարզավիճակ կարող է ձեռք բերել միայն խաղալով ու վստահություն զգալով: Սակայն Մոուրինյոյի դեպքում երևի տեղին է ասել` երկու երանի մի տեղում չի լինում: