Սպորտ
© Photo : provided by Hakob Berberyan

Վարդան Մինասյանը տղաների աչքերում կայծ է տեսել. ուրիշ ի՞նչ է պետք ֆուտբոլիստներին

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ստուգողական երկու հանդիպումներից հետո մեր խաղացողների մոտ տեսել է այն, ինչ պետք էր աշխատանքը շարունակելու համար:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Մարզումների և խաղերի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստների գործողություններին հետևելով` հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ստացել է այն ինֆորմացիան, որը հարկավոր է հավաքականի խաղը կարգավորելու, հստակեցնելու համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը։

Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 29-ին և հունիս 4-ին ստուգողական երկու հանդիպում անցկացրեց Մալթայի և Մոլդովայի ընտրանիների հետ, և երկու դեպքում էլ գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Մեր հավաքականի կազմում փորձարկվեցին մի շարք նոր ֆուտբոլիստներ: Սակայն բոլոր թեկնածուներին տարբեր պատճառներով խաղադաշտում տեսնել չհաջողվեց:

«Շատ խաղացողների հետ ես չէի աշխատել, չնայած համարյա բոլորին էլ ճանաչում են: Ֆուտբոլիստների համար շատ կարևոր էր և՛ մարզումային գործընթացը, և՛ շփումը: Այս խաղերը շատ կարևոր էին ինձ համար ինֆորմացիոն տեսանկյունից»,- ասաց Մինասյանը:

Հավաքականի մարզիչը հատկապես ընդգծեց երկու գործոն, որոնց առկայության դեպքում հավաքականում խաղալու հնարավորություն կտա ֆուտբոլիստին՝ որակ և ցանկություն:

«Եթե այս գործոններից մեկ չլինի, խաղադաշտ դուրս գալն իմաստ չունի: Մեզ համար առաջիկայում, մինչև Ազգերի լիգայի մրցաշարի մեկնարկը, ստուգողական հանդիպումներ չեն լինելու: Հետևաբար աշխատանք ունենք անելու: Բայց կարևոր էր, որ ես տղաների աչքերի մեջ ես կայծ տեսա, թեկուզ ինչ- որ տեղ էպիզոդներով, բայց դա արդեն լավ երևույթ եմ համարում»,- ասաց նա:

Բնական է, որ ստուգողական հանդիպումներում մարզիչները լրիվ այլ նպատակ են հետապնդում, երկրպագուները` այլ:

Մեր ընտրանին երկու խաղում էլ չկարողացավ հաղթել, բայց հավաքականի մարզիչն այս խաղերից կարևոր հետևություն է արել։

«Անհամեմատ ավելի կարևոր էր հասկանալ, թե ով որ դիրքում կարող է խաղալ ավելի լավ ու ավելի արդյունավետ»- ավելացրեց Մինասյանը:

Ավստրիայում անցկացրած երկու խաղերն ամեն դեպքում կարևոր էին, դրանք հավաքականի մարզչական շտաբին կօգնեն առաջիկայում կազմ կամ թեկնածուներ ընտրելու հարցում:

Մինասյանը հավելեց, որ Իվան Յագանն ու Անդրե Չալշըրը հավաքականի լիարժեք ֆուտբոլիստներ են, իսկ մյուս նորեկները դեռ աշխատելու տեղ ունեն:

Գլխավոր մարզիչը նշեց, որ ստուգողական խաղերն արդեն անցյալում են, և պետք է մտածել պաշտոնական խաղերի մասին։

«Ազգերի լիգայի մրցաշարում մենք յուրաքանչյուր խաղին մոտենալու ենք որպես փոքրիկ եզրափակիչ ու միմիայն հաղթելու նպատակով: Հուսով եմ` կանցկացնենք ութ հանդիպում ու այս դեպքում արդեն մեր նպատակը լինելու է միակը՝ հաղթանակ»,- ասաց նա:

Նրա խոսքով` նույնիսկ ոչ-ոքին կարող է բարդացնել վիճակը խմբում, այնպես որ թիմը բարձր մոտիվացիայով ու հաղթելու մեծ ցանկությամբ է մոտենալու բոլոր խաղերին:

Ազգերի Լիգայի մրցաշարի առաջին խաղը Հայաստանի հավաքականն անցկացնելու է սեպտեմբերի 6-ին` հյուրընկալելով Լիխտենշտեյնի ընտրանուն։