Սպորտ
© Sputnik / Aram Nersesyan

Լեգենդների հանդիպումը. Երևանում ֆուտբոլային գիգանտների խաղում հաղթեցին լատինաամերիկացիները

Ստանալ կարճ հղումը

Ֆուտբոլային տոնը Ռուսաստանից կարճ ժամանակով տեղափոխվել էր Հայաստան: Լատինական Ամերիկայի թիմը 5։2 հաշվով հաղթեց եվրոպացիներին։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Ռուսաստանում շարունակվող աշխարհի առաջնությունում հուլիսի 8-ը և 9-ը հանգստյան օրեր են: Եվ այդ առիթը օգտագործելով աշխարհահռչակ բազմաթիվ ֆուտբոլիստներ ժամանեցին Երևան` մասնակցելու Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հավաքականների լեգենդների հանդիպմանը:

Հայաստանի մայրաքաղաքում երբեք այսքան ֆուտբոլային լեգենդներ չեն եղել: Արթուր Սողոմոնյանի նախաձեռնությամբ անցկացված այս հանդիպումը շատ ֆուտբոլասերների համար նվեր էր: Եվ շատերը հնարավորություն ունեցան իրենց աչքով տեսնելու լեգենդար ֆուտբոլիստներին: Բրազիլացի Ռոնալդոն Լատինական Ամերիկայի հավաքականի մարզիչն էր, իսկ Պաոլո Մալդինին ղեկավարում էր եվրոպացիների ընտրանին:

Երկու թիմերի կազմերում էլ խաղադաշտ դուրս եկան ֆուտբոլային այնպիսի հնչեղ ազգանուններ կրող ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռիվալդոն, Բատիստուտան, Կրեսպոն, Ստոիչկովը, Դիդան, Կաֆուն, Բելանովը, Բեբետոն, Սավիոլան, Ալդաիրը, Ջորկաեֆը, Դյուգարին, Սերժինյոն, Լիտմանենը, Ֆիգուն,Գիգզը: Հաճելի էր, որ Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկան նաև Հայաստանի ներկայացուցիչներ Խորեն Հովհաննիսյանն ու Ռոման Բերեզովսկին:

Իհարկե, նման խաղերից զուտ ֆուտբոլային առումով ինչ-որ լուրջ սպասելիքներ չեն էլ լինում: Պարզ է, որ արդեն վետերան համարվող ֆուտբոլիստները չունեն ժամանակակից ֆուտբոլին համապատասխան արագությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը: Բայց վարպետությունն ու գնդակի հետ աշխատանքը նրանցից, մեղմ ասած, չես խլի: Մասնավորապես, իր տարիքին ոչ համապատասխան զարմանալի արագություն էր դրսևորում աշխարհի կրկնակի չեմպիոն Կաֆուն, ով անընդհատ եզրային ճեղքումներ էր իրականացնում այնպես, ինչպես իր լավագույն տարիների ընթացքում: Ընդ որում, փոխարինվելուց հետո Կաֆուն ստադիոնում հայերեն ողջունելով ներկաներին` շնորհակալություն հայտնեց խաղի կազմակերպման, անցկացման ու ընդունելության համար:

© Sputnik / Кирилл Каллиников

Շատ հաճախ նման խաղերում շատ գեղեցիկ գոլերն են խփվում, ու, բացի այդ, հիմնական նման կարգի հանդիպումները ավարտվում են ոչ-ոքի հաշվով: Այսպես լեգենդներն ուղղակի իրենց հարգանքն են արտահայտում մրցակցին` միևնույն ժամանակ փորձելով հաճույք պատճառել երկրպագուներին: Բայց այս խաղում ոչ ոքի չգրանցվեց, չնայած դա չի նշանակում, որ մրցող կողմերի ֆուտբոլիստներն իրար չեն հարգում: Նման խաղերում պարտվողներ չկան:  Երևանյան խաղում կողմերի մեկական գնդակ փոխանակեցին մինչև ընդմիջում: Հաշիվը բացեց Լուիշ Ֆիգուն, իսկ պատասխան գնդակը խփեց Գաբրիել Բատիստուտան:

Ընդմիջումից հետո հարավ ամերիկացիները խախտեցին նման խաղերի ավանդույթն ու հանդիպման ավարտից 12 րոպե առաջ Եվրոպայի հավաքականը պարտվում էր 2:5 հաշվով: Եվ այդ հաշիվը մնաց անփոփոխ: Այսպիսով, ֆուտբոլային տոնը Ռուսաստանից կարճ ժամանակով տեղափոխվել էր Հայաստան:

Ըստ թեմայի

Ո՞վ կդառնա աշխարհի չեմպիոն. ֆուտբոլի լեգենդները Երևանում նշել են ֆավորիտների անունները
Հայաստան եկող աստղերի թիվն ավելացել է. ֆուտբոլի համաշխարհային լեգենդները կխաղան Երևանում
Մեսին դուրս մնաց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից․ դա պետք է տեսնել