Սպորտ
© Sputnik / Виталий Тимкив

ՈւԵՖԱ-ն դադարեցնում է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու տակ անցկացվող հանդիպումները

Ստանալ կարճ հղումը

Նրանք, ովքեր հույս ունեին, որ նոյեմբերին մեր հավաքականին կտեսնեն սեփական հարկի տակ Ազգերի լիգայի խաղում, հիասթափություն պետք է ապրեն, քանի որ Եվրոպայի ֆուտբոլային գերատեսչությունը արգելք է դրել հավաքականի` Երևանում նախատեսված խաղերի վրա։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակի պատճառով ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն այսօր որոշել է միառժամանակ ակումբների և հավաքականների խաղեր չանցկացնել Հայաստանում և Ադրբեջանում։ Որոշումը հրապարակվել է ՈւԵՖԱ–ի կայքում։

«ՈւԵՖԱ-ն հետևում է սեպտեմբերի վերջին ծագած իրադարձություններին և ստիպված է եղել չեզոք խաղադաշտերում անցկացնել Եվրոպայի լիգայի մեկ և Ազգերի լիգայի երկու հանդիպում։ Ֆուտբոլային եվրոպական գերատեսչությունը գտնում է, որ ներկայիս պայմանները բավարար չեն Հայաստանում և Ադրբեջանում ՈւԵՖԱ-ի հովանու ներքո հանդիպումներ անցկացնելու համար» - ասված է գործադիր կոմիտեի որոշման մեջ։

Այս տեքստում երևի թե առանցքային պետք է համարել «ներկայիս» բառը։ Որոշումը կարող է փոխվել, եթե վերջ դրվի արցախյան պատերազմին։

Հայաստանի ակումբներից ոչ մեկը եվրագավաթների հանդիպումներ չունի մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը, քանի որ մեր թիմերը դուրս են մնացել եվրագավաթների խաղարկությունից։ Իսկ ահա հավաքականներն ունեն։ Մասնավորապես ազգային հավաքականը նոյեմբերին Երևանում Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակում պետք է մրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ, բացի այդ, մեր երիտասարդական հավաքականը ընտրական երկու խաղ ունի Երևանում, և վերջապես Եվրոպայի առաջնության փլեյ–օֆֆ-ի խաղ ունի անցկացնելու ֆուտզալի Հայաստանի հավաքականը։

ՈւԵՖԱ-ն դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ֆեդերացիաներին` խնդրելով այլընտրանքային մարզադաշտեր առաջարկել սեփական հարկի տակ խաղերն անցկացնելու համար։ Միևնույն ժամանակ նշվում է, որ հետագայում այս որոշման հետ կապված փոփոխություններ կարող են լինել։

Ըստ թեմայի

Հայաստան-Վրաստան խաղն ավարտվեց. Ազգերի լիգայում ամեն ինչ առջևում է
«Աստված պահապան հայ զինվորին». Բիչախչյանը գոլից հետո երկրպագուներին ցույց է տվել շապիկը
Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին. Altibox Norway Chess մրցաշարն ավարտվեց