Աշխարհ
© Sputnik / Сергей Елкин

Վարկատուների հետ Հունաստանի բանակցություններն ավարտվել են ֆինանսական աջակցության համաձայնագրով

Ստանալ կարճ հղումը

Բանակցությունները տևել են ավելի քան 18 ժամ։ Հայտնում են, որ կողմերին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել Հունաստանի 2016 և 2017 թվականի բյուջեի սկզբնական պրոֆիցիտի բազային սցենարների նախագծի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հունաստանն ու միջազգային վարկատուները տևական բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել նոր բազմամիլիարդանոց ֆինանսական օգնության փաթեթի շուրջ, հայտնում է Հունաստանի ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Համաձայնությունը ձեռք է բերվել։ Ներկա պահին քննարկվում են որոշ մանրամասներ», –նախարարության ներկայացուցչի խոսքը մեջբերում է Ռեյթեր գործակալությունը։

Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդ Ցակալոտասն իր հերթին հայտնել է, որ «երկու կամ երեք մանր հարց» դեռ քննարկվում է, նշում է գործակալությունը։

Հունաստանի ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի տվյալներով, բանակցությունների մասնակիցները համաձայնեցրել են բարեկեցության ֆոնդի աշխատանքի մեխանիզմները։ Փոնդը զբաղվելու է սեփականաշնորհման հարցերով։ Մասնակիցները նաև  պայմանավորվել են բանկային հատվածում ժամկետանց վարկերի կառավարման մասին։

Ավելի վաղ հայտնել էին, որ Հունաստանը և միջազգային վարկատուները պայմանավորվածություն են ձեռք բերել Հունաստանի 2016 և 2017 թվականի բյուջեի սկզբնական պրոֆիցիտի բազային սցենարների նախագծի, ինչպես նաև չորս տարով` 2015-2018 թվականներին բյուջեի սկզբնական ցուցանիշների վերաբերյալ։

Ներկա պահին Հունաստանը մտադիր է մինչև օգոստոսի 18-ը համաձայնագիր ստորագրել, որպեսզի օգոստոսի 20-ին օգնության նոր տրանշից 3.2 մլրդ եվրոյի չափով ԵԿԲ մուծում իրականացնի։ Եթե համաձայնագիրը չստորագրվի, Աթենքը ստիպված կլինի դիմել բրիջ–վարկ ստանալու համար։