Աշխարհ
© Sputnik / Максим Блинов

Ազնավուր. «Ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին և կբացի հայ-թուրքական փակ սահմանը»

Ստանալ կարճ հղումը
Շառլ Ազնավուր

Երգիչը նշել է, որ ինքն այն հայերից չէ, ովքեր ասում են՝ լավ թուրքը մեռած թուրքն է

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Pleine Vie ամսագիրը զրուցել է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հետ: Հայտնի երգիչը պատասխանել է մի շարք հարցերի, խոսել է նաև ցեղասպանության մասին:

Ազանավուրը պատասխանել է այն հարցին, թե ինչ ազդեցություն է ունեցել երգչի վրա այն փաստը, որ նրա մայրը ցեղասպանության ժամանակ կորցրել է իր գրեթե ողջ ընտանիքը: Ազնավուրը պատասխանել է՝ շատ կցանկանար ներգաղթյալի զավակ չլինել, սակայն «կյանքն այդպես է դասավորվել»։Նա նշել է, որ իր մանկության մասին հուշերը շատ խորն են:

Ազնավուրը խոսել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին: Երգիչն ասել է. «Ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին և կբացի հայ-թուրքական փակ սահմանրը»։ Ըստ նրա, Թուրքիայի երիտասարդները հոգնել են, որ բոլորը նրանց են մատնացույց անում։ 

«Նրանց տատիկներն ու պապիկները «հրաշք» չեն եղել, սակայն նաև սխալ է նրանց մեղադրանք ներկայացնելը կամ նույն հարթության վրա դնելը»,- ասել է Ազնավուրը։ Երգիչը նշել է, որ ինքն այն հայերից չէ, ովքեր ասում են՝ լավ թուրքը մեռած թուրքն է։

«Մուսուլմանները մոտենում են ինձ ու հարցնում ՝  գիտե՞ս,  որ այն, ինչ կատարվել է, մեր անվան հետ են կապում, ես նման դեպքերում պատասխանում եմ՝  կաթոլիկներն էլ են նույնը արել։ Օրինակ՝ ինկերի մշակույթը ոչնչացվել է իսպանացիների ձեռքով»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ ֆրանսիացի է և շատ է սիրում Ֆրանսիան, թեև սիրում է նաև Հայաստանը՝ իր արմատների երկիրը։ Տանը պահում է երկու երկրների դրոշները:
 
«Ձեր կյանքի ընթացքում Դուք հավատացել եք Աստծուն, թե՞ ինքներդ ձեզ»,-հարցրել է լրագրողը:

«Չգիտեմ: Եվ դա էական էլ չէ: Եթե ես վատ բան չեմ արել, ուրեմն դժոխք չեմ գնա: Ինչպես իմ երգերից մեկում եմ ասում, աթեիստներն ու հավատացյալները մեկ ընդհանրություն ունեն՝ կասկածը»: