Աշխարհ
© Sputnik /

Արևմուտքը որևէ ճնշում չի գործադրում Ադրբեջանի նկատմամբ՝ մարդու իրավունքների ոտնահարման առումով. ադրբեջանագետ

Ստանալ կարճ հղումը

Մարդկանց չեզոքացրել են երեք ճանապարհով. մի խմբին բանտարկել են, մի խմբին՝ սպանել, երրորդ խումբն էլ արտագաղթել է:

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանում մարդու իրավունքների բացահայտ խախտումների առումով Արևմուտքը որևէ ճնշում չի գործադրում: Ինչպես «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան, այս պահի դրությամբ, բացի հայտարարություններից, Արևմուտքը որևէ կոնկրետ քայլ չի անում: 

Ադրբեջանցի իրավապաշտպան ամուսիններ Արիֆ և Լեյլա Յունուսների դատավարությունը բավական լայնամասշտաբ կերպով լուսաբանվում էր արևմտյան մամուլում: Չնայած այն հանգամանքին, որ դատարանի դահլիճ էին թողնում միայն իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Արևմտյան դեսպանությունների ներկայացուցիչները, իրավապաշտպան կազմակերպությունները փորձել են ինչ-որ կերպով ներկա լինել դատավարությանը, սակայն, ինչպես նկատում է ադրբեջանագետը, իրականում, այդ ամենը ոչնչով չօգնեց:

«Լեյլա Յունուսին դատապարտեցին 8.5 տարով, իսկ ամուսնուն` 7 տարով: Այժմ նրանք ծայրահեղ ծանր առողջական վիճակում են: Կա մտավախություն, որ նրանք կարող են ուղղակի մահանալ բանտում: Դատավճռի հրապարակմանը հաջորդել են բազմաթիվ հայտարարություններ՝ արևմտյան գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն դրանով ամեն ինչ սահմանափակվել է»,- ասել է Անժելա Էլիբեգովան:

Այս համատեքստում, ի՞նչ է անում Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը, եթե, իհարկե, այդ երկրում գոյություն ունի քաղաքացիական հասարակություն: Այս դիտարկմանն ի պատասխան՝ փորձագետն ընդգծում է՝ Ադրբեջանում վաղուց չկա  «քաղաքացիական հասարակություն» ասվածը: «Մարդկանց չեզոքացրել են երեք ճանապարհով. մի խմբին բանտարկել են, մի խմբին՝ սպանել, երրորդ խումբն էլ արտագաղթել է: Հետևաբար՝ այսօրվա դրությամբ խոսել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության մասին, հնարավոր չէ»,-նկատել է բանախոսը: