ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի– Sputnik. Եվրահանձնաժողովն առաջարկում է կրճատել ԵՄ–ի այն երկրների տրամադրվող ֆինանսավորումը, որոնք հրաժարվում են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից ժամանող փաստականների ընդունման ազգային քվոտաներից, հաղորդում է Euobserver ինտերնետային թերթը։
«Եվրահանձնաժողովն առաջարկել է կրճատել կառուցվածքային հիմնադրամներն այն երկրների համար, որոնք հրաժարվում են ապաստան փնտրողների վերաբնակեցման մեխանիզմից», – գրում են ԶԼՄ–ները։
Միաժամանակ միգրացիոն քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Դմիտրիս Ավրամոպուլոսն ավելի վաղ դեմ է հանդես եկել ԵՄ այն անդամ երկրների հիմնադրամներից աջակցության կրճատմանը, որոնք համաձայն չեն ԵՀ–ի կողմից առաջարկած փախստականների ընդունման քվոտաների հետ։ «Անձամբ ես նախընտրում եմ քաղցրաբլիթ մտրակի փոխարեն։ Օգնությունը կրճատելու որևէ ծանրակշիռ հիմնավորում չկա։ Մենք ցանկանում ենք օգնել անդամ երկրներին, այլ ոչ թե պատժել նրանց։ Հաստատելով անդամ պետությունների հետ վստահելի երկխոսություն` մենք հույս ունենք համոզել նրանց լուծել այս ճգնաժամը», – ասել է նա։
ԵՄ ներքին գործերի նախարարները երկուշաբթի Բրյուսելում կազմակերպված հրատապ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի երկու տարվա ընթացքում իրենց երկրներում բաշխեն Իտալիա և Հունաստան ժամանած մինչև 40 հազար փախստականների։ Նախարարներին չի հաջողվել պայմանավորվել ևս 120 հազար փախստականների ընդունման հարցի շուրջ` պարտադիր քվոտաների հիման վրա, ինչի հարցում պնդում է Եվրահանձնաժողովը։
Հիմա վերջնական որոշում պետք է ընդունի ԵՄ ներքին գործերի խորհուրդը սեպտեմբերի 22–ին նախատեսված հրատապ նիստի ժամանակ, այլ ոչ թե հոկտեմբերի 8–ին, ինչպես նախատեսվում էր ավելի վաղ։ Սպասվում է, որ, եթե նախարարներին կրկին չհաջողվի հարթել տարաձայնությունները, ապա ԵՄ երկրների համար ապաստան փնտրողների ընդունման ազգային քվոտաների ներդրման որոշումը կընդունվի այսպես կոչված «որակավորված մեծամասնությամբ», որտեղ ԵՄ–ի խոշոր երկրներն ունեն առավել թվով ձայներ։
2015 թ.–ի սկզբից ԵՄ–ի տարածք են տեղափոխվել մոտ 500 հազար միգրանտներ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր միգրանտներով։ Փախստականների անվերահսկելի ներհոսքը կանխելու նպատակով ԵՄ մի շարք երկրները, մասնավորապես, Գերմանիան և Ավստրիան ժամանակավորապես վերականգնել են սահմանային վերահսկողությունը Շենգենյան գոտում։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ստեղծված միգրացիոն ճգնաժամն աշխարհում խոշորագույնն է Երկրորդ աշխարհամարտից հետո։