ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. NASA–ի մասնագետները որոշել են ցուցադրել, թե ինչպես Լուսնի վրա գտնվող մարդը կտեսնի սեպտեմբերի վերջին սպասվող Լուսնի լրիվ խավարումը, – հայտնում է vokrugsveta.ru–ն։
Անիմացիան ցույց է տալիս, թե ինչպես է Երկրագունդը փակում Արևը, ինչի հետևանքով նրա շուրջ ձևավորվում է հրակարմիր օղակ։ Իսկ ահա Լուսնի մակերևույթը պատվում է կարմիր լույսով, իսկ աստղերը ժամանակավորապես անտեսանելի են դառնում։
Հաղորդագրության համաձայն` Լուսնի լրիվ խավարումը ժամանակային տարբերության պատճառով Եվրոպայում և Աֆրիկայի որոշ հատվածներում կարելի կլինի դիտել սեպտեմբերի 28-ին, իսկ Ամերիկայում` սեպտեմբերի 27-ի երեկոյան։
Սակայն շնորհիվ NASA–ի` Լուսնի խավարմանն ականատես կարող են լինել բոլոր ցանկացողները։ Դրա համար անհրաժեշտ չէ տանից դուրս գալ և նույնիսկ սպասել, թե երբ այդ երևույթը տեղի կունենա, քանի որ գործակալությունը ստեղծել է ևս մեկ անիմացիա, որը ներկայացնելու է Լուսնի տեղաշարժը ժամանակի և տարածության մեջ։
Ընդ որում, ստեղծել է մի քանի տարբերակով` հաշվի առնելով ԱՄՆ տարածքում չորս ժամանակային գոտիներից մեկում դիտողների գտնվելը, ինչպես նաև ունիվերսալ ժամանակի համար։ Արժե հիշեցնել, որ 2015 թվականի ամռանը NASA–ն Երկրի նոր լուսանկար էր արել, ինչպես նաև հեռադիտակի օգնությամբ ստացել էր Արևի հակառակ կողմի պատկերը։