Աշխարհ
© Sputnik / STR

Մարդկանց 100 տարուց ավել ապրել խանգարում է մենթալիտետը

Ստանալ կարճ հղումը

Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը գիտնականների լավատեսությունը չի կիսում, հայտարարելով, որ երկարակեցությունը կհանգեցնի սոցիալական ծառայությունների և կենսաթոշակային ֆոնդերի վրա ծանրաբեռնվածության ավելացմանը

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի– Sputnik. Հենց մենթալիտետն է սահմանափակում ժամանակակից մարդու կյանքի տևողությունը, որը շուտով կարող է հաղթահարել 100–րդ տարվա սահմանագիծը։ Դրանում համոզված է հերիատրիկ բժշկության (ծերաբանության բաժին,որ զբաղվում է ծերության հետ կապված հիվանդություններով) պրոֆեսոր Ռուդի Վեստենդորպը, հաղորդում է vokrugsveta.ru-ն։

Մարդիկ ոչ միայն չեն կարող ընդունել ավելի երկար ապրելու իրենց կարողությունը, նրանք նաև հավատացած են, որ իրենց սիրտը կարող է ունենալ սահմանափակ թվով զարկեր, իսկ օրգանիզմն ընդհանուր առմամբ ի վիճակի չէ հաղթահարել մաշվածությունը։ Միաժամանակ վերջին 100 տարիների ընթացքում կյանքի միջին տևողությունն ավելացել է 40–ից մինչև 80 տարեկան, այսինքն` երկու անգամ։

Վեստենդորպի կարծիքով` սխալ է մտածել, որ սեփական կյանքի սցենարի հիմքում պետք է ընկած լինեն ծնողների, տատիկների ու պապիկների պատմությունները։ Ընդ որում, մարդը, ով կապրի մինչև 135 տարեկան, արդեն ծնվել է, ենթադրում են գիտնակաները։

Հայտնի պատկերացումներն այն մասին, որ մարդը պետք է կենսաթոշակի անցնի ըստ առողջական վիճակի, ոչ այլ ինչ է, քան անցած դարի հուշ։ Վեստենդորպի եզրակացությունները հաստատում են բրիտանացի գիտնականների հետազոտությունները, որոնց համաձայն` կենսակերպի և բժշկական օգնության բարելավումը կհանգեցնեն մեկ սերնդի կյանքի տևողության ավելացման մոտ 6 տարով։

Այսպիսով, մինչև 2030թ.–ը բրիտանացի կանայք միջինը կարող են ապրել մինչև 90 տարեկան, տղամարդիկ` մինչև 85։ Երկրի առողջապահության ազգային ծառայությունը գիտնականների լավատեսությունը չի կիսում` հայտարարելով, որ երկարակեցությունը կհանգեցնի սոցիալական ծառայությունների և կենսաթոշակային ֆոնդերի վրա ծանրաբեռնվածության ավելացմանը։