Աշխարհ
© Sputnik / Владимир Вяткин

Իտալիայի սենատի փոխնախագահ. Թուրքիան «Իսլամական պետության» կողմ է անցել

Ստանալ կարճ հղումը

Թուրքիան տրոյական ձի է, որի օգնությամբ իսլամական ֆունդամենտալիզմը կցանկանար ստուգիչ գնդակ ուղղել Արևմուտքի ուղղությամբ, ասել է Իտալիայի սենատի փոխնախագահ Ռոբերտո Կալդերոլին

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի- Sputnik. Իտալիայի Հանրապետության սենատի նախագահի տեղակալ Ռոբերտո Կալդերոլին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման դեպքից հետո մեղադրել է Թուրքիային, որ նա «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմ է անցել։

Նոյեմբերի 24-ին Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռ է կործանվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խոցվել է Սիրիայի օդային տարածքում թուրքական F-16 «օդ-օդ» տեսակի հրթիռի կողմից և ընկել Սիրիայում` Թուրքիայի սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա։

«Երբ Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով խոցեց Սիրիայում իսլամական ահաբեկիչների ոչնչացման գործողություններին մասնակցող ռուսական ինքնաթիռը, այսօր պաշտոնապես պատերազմի մեջ մտավ «Իսլամական պետության» կողմից»,- Facebook-ի իր էջում գրել է «Հյուսիսի լիգա» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը։

Կալդերոլիի խոսքով` Թուրքիան «տրոյական ձի է, որի օգնությամբ իսլամական ֆունդամենտալիզմը կցանկանար ստուգիչ գնդակ արձակել Արևմուտքի ուղղությամբ»։

«Կատարվածի ֆոնին ի՞նչ իմաստ ունի այն, որ Թուրքիան ընդգրկված է ՆԱՏՕ-ի կազմում։ Ուրիշ ի՞նչ պետք է լինի, որ ՄԱԿ-ը կոշտ դիրքորոշում ցուցադրի «Իսլամական պետությանն» ու բոլոր նրանց, ովքեր փաստացիորեն այդ խմբավորման կողմնակիցներն են»,- գրում է Կալդերոլին։

Սենատի փոխնախագահը նաև քննադատության է ենթարկել պաշտոնական Հռոմի քաղաքականությունը։ «Մատեո Ռենցիի կառավարությունն այս պատերազմում հանուն մեր արժեքների, մեր ազատությունների և ավանդույթների Պուտինի կողմն անցնելու փոխարեն գտնվում է Մերկելի (Գերմանիայի կանցլեր) և «եռյակի» սխալ ճակատում, որոնք խելահեղ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ»,- ասել է Կալդերոլին։