ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Քիմ Քարդաշյանի սմայլիկներով հավելվածները պաշտոնապես անվանել են Kimoji։ Բառն առաջացել է աստղի անունից` «Քիմ» և սմարթֆոնների համար ամենատարածված հավելվածի` «Emoj»-ի բառերի միացումից։
Հիմնականում սոցցանցերում հասանելի բոլոր ժամանակակից սմայլիկներն անվանում են Emoji։ Emoji-ն գրաֆիկական լեզու է, որտեղ բառերի փոխարեն օգտագործվում են պատկերների համադրությունները։ Emoji բառը ճապոներենից փոխառած բառ է, հայտնի է դարձել անգլերեն էմոտիկոն (էմոցիաներ արտահայտող պատկերներ, որոնք կազմված են =) կամ (*_*)v նշաններից) բառի նմանության շնորհիվ։
Այսօրվանից օգտատերերը հեռախոսով և սոցցանցերում կկարողանան օգտագործել Քիմ Քարդաշյանի «բարեմասնությունների» պատկերները։ Տարբեր գործողություններ նշանակող պատկերների շարքում են նաև սև սրտիկները, փքաբլիթները, «ամուսնացած եմ» գրությամբ կաշվե վերարկուն և վարսահարդարման սարքը։
Շատ հայ օգտատերեր սպասում էին պատկերների շարքում տեսնել Արարատը կամ Քիմի ամուսնուն` ռեփեր Քանյե Ուեսթին, սակայն հավելվածի հիմնական կորիզ են դարձել դեղձի, հետույքի ու Քարդաշյանի քողարկված կրծքերի նկարները։