Աշխարհ
© Sputnik / Сергей Гунеев

Hurriyet թերթի գլխավոր խմբագրին 5 տարվա ազատազրկում է սպառնում Էրդողանին վիրավորելու համար

Ստանալ կարճ հղումը

Դատախազ Իդիրս Կուրտի ստորագրած մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Hurriyet թերթի հոդվածում նախագահ Էրդողանին հասցված վիրավորանքը «մտածված» է եղել։ Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև Zaman թերթի գլխավոր խմբագիր Էկրեմ Դումանլիի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայի դատախազությունը պահանջում է Hurriyet ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինին դատապարտել հինգ տարի և չորս ամիս ազատազրկման Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին վիրավորանքներ հասցնելու մեղադրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես փոխանցում է թերթը, գլխավոր խմբագրին մեղադրանք ներկայացնելու համար հիմք է հանդիսացել սեպտեմբերին Hurriyet թերթում հրապարակված հոդվածը, որում նշվում է, թե ինչպես է Էրդողանն արձագանքել Իգդիրում ռազմական պահակախմբի վրա իրականացված հարձակմանը։ Պահակախմբի վրա հարձակում էին գործել Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» գրոհայինները, և հարձակման հետևանքով զոհվել էր 16 զինծառայող։

Թերթի մեկնաբանությամբ ստացվել է, որ այդ դեպքը կապված է այն փաստի հետ, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հունիսի 7-ին կայացած ընտրությունների ժամանակ կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը։ Հոդվածի հրապարակումից հետո շուրջ 100 ցուցարար քարեր է նետել Hurriyet թերթի գլխավոր գրասենյակի վրա։

Ավելի վաղ իշխանությունները տասնյակ հայցեր են ուղարկել դատարան` թուրք լրագրողներին մեղադրելով պաշտոնյաներին վիրավորելու ու ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ։ Նոյեմբերին թուրքական Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլին ձերբակալել են լրտեսության մեղադրանքով։